Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանից հավատարմագրերն ընդունելիս տարակուսել է՝ «ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես Ադրբեջանի հետ խաղաղության է ձգտում»: Ալիեւն ընդգծել է, որ ներկայում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում Հայաստանում, եւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Նա նշել է, որ Հայաստանի արագ սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում տարածաշրջանում։
Հնդկական The Economic Times պարբերականը 2022-ի սեպտեմբերին հայտնել էր, որ Հնդկաստանը Հայաստանին 244,7 միլիոն դոլարի զենք եւ զինամթերք կմատակարարի: Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաեւ 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 միլիոն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։ Իսկ հնդկական The Print կայքը անցյալ տարվա հոկտեմբերին գրում էր, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու, մասնավորապես՝ Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի մշակած «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի (loitering munition), ինչպես նաեւ «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը: