Մի անգամ՝ դեռեւս վաղուց, երբ հայտնվել էի ինչ-ինչ ներքին խնդիրների առաջ եւ ջանում էի այդ դժվարությունների միջով անցնելու մի ճար գտնել, հանկարծակի հայտնաբերեցի բավականին ունիվերսալ մի հնար, որն օգնեց ինձ ազատվելու տվայտանքներից եւ դուրս գալ դեպրեսիայից։
Ամառ էր։ Առավոտյան հոգսերով բեռնավորված գնում էի աշխատանքի։ Մտքումս ինձ հուզող հարցերն էին, որոնցից ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել։
Մի պահ նայեցի երկնքին՝ փորձելով զգալ այնտեղ ներկա խաղաղությունը։ Հետո դանդաղորեն հայացքս իջեցրի ներս, եւ կարծես այդ զգացումը տեղափոխվեց իմ մեջ։ Զգացի խաղաղություն կրծքիս հատվածում։ Դա ինձ զարմացրեց եւ ուրախացրեց։ Ես կրկնեցի շարժումը։ Նայեցի երկնքին, հետո՝ ներս։ Էֆեկտը կրկնվեց։
Փոփոխությունը զգացվում էր միանգամից։ Անհայտ մի տեղից ինչ-որ անհասկանալի ձեւով խաղաղության զգացողություն էր հայտնվում։ Տագնապները, որ մի քանի րոպե առաջ ինձ գերել էին, զարմանալիորեն անհետանում էին, եւ ես սկսում էի ներդաշնակվել։
Ինձ հետ կատարվածը նմանվում էր հրաշքի։ Ես գտել էի մի միջոց, վարժություն, շարժում, որ նպաստում էր իմ հանդարտվելուն։
Փաստորեն ստացվում է՝ իմ հայացքի շարժումը օգնում է հասնելու որոշակի ներքին խաղաղության։ Եվ դրա համար պարզապես պետք է դուրս գալ զբոսնելու, այդ ընթացքում նայել երկնքին, փորձել զգալ այն, հետո հանդարտորեն հայացքն իջեցնել ներս։ Եվ երկնքի այդ խաղաղությունը, կարծես, տեղափոխում է իմ մեջ։ Եվ քանի որ այդ զգացումը ծագում է անմիջապես, ավելանում է դրա գործուն լինելու վստահությունը: Սա էլ իր հերթին նպաստում է այդ ընթացքին։
Որոշակի ներքին խաղաղության հասնելու այս ձեւը շատ պարզ է։ Չի պահանջվում ո՛չ գերբնական լարում, ո՛չ ամենօրյա մեդիտացիաներ, ո՛չ էլ թանկարժեք հոգեբանական ծառայություն։ Սկսում ես անել, եւ արդյունքը տեսանելի ու զգալի է դառնում անմիջապես։
Կարող եք անգամ չհավատալ իմ խոսքերին։ Ուղղակի փորձե՛ք։ Դո՛ւրս եկեք զբոսնելու, նայե՛ք երկնքին, ջանացե՛ք զգալ այն։ Հետո դանդաղ ձեր հայացքը տեղափոխե՛ք ներս։ Հավատացնում եմ ձեզ՝ արդյունքները սպասեցնել չեն տա։
Հայացքի գիտակցված շարժումներ
Հետագայում սրա նմանությամբ մեկ այլ առաջարկի հանդիպեցի համացանցում։ Ներքին խաղաղություն գտնելու համար հեղինակն առաջարկում էր զբոսնելիս հայացքը գիտակցված թեքել այս ու այն կողմ՝ նայել երկնքին, հետո՝ կողքից անցնող մեքենային, հետո՝ պատշգամբից կախված լվացքին։ Նկատել խանութի ցուցանակը, ոստիկանին, կռունկին, որ կանգնած է կիսակառույց տան կողքին։ Տեսնել, թե ոնց է քայլում փոքրիկը։ Եվ այսպես շարունակ հայացքը տանել մի նշանակետից մյուսին, հատկապես նկատել այն, ինչն ընկալվում է որպես նորություն։ Լավ է, եթե ամեն անգամ զբոսնելիս ընտրում ենք մի նոր ուղղություն, մի նոր ճանապարհ։
Եթե մի քանի րոպե քայլենք՝ հայացքը տեղափոխելով մի առարկայից մյուսին, կնկատենք, թե ինչպես են անհետանում անցանկալի, մեզ տանջող հույզերը։ Դա օգնում է ազատվելու մտային եւ հուզական կարծրատիպերից, դուրս գալ մտքերի, հույզերի քառակուսուց։
Փորձե՛ք ու կզարմանաք, թե որքան արդյունավետ են գործում այս վարժությունները։
Փաստորեն, երբ մեր հայացքը գիտակցված տեղափոխում ենք մի առարկայից մյուսին տարբեր ուղղություններով, ինչ-որ հրաշքով, չգիտես որտեղից, հայտնվում են գործուն ուժեր, որ օգնում են մեզ գտնելու ինքներս մեզ եւ ազատվելու հույզերի կապանքներից։ Փաստորեն մենք հաղորդ ենք դառնում ազատությանը։
Ներքին եւ արտաքին հայացք
Բոլորս էլ գիտենք, որ կա ներքին հայացք եւ արտաքին հայացք։ Արտաքին հայացքը մեր գիտեցած այս կամ այն առարկային ֆիզիկապես նայելն է։ Մենք շուռ ենք գալիս դեպի մեզ հետաքրքրող առարկան եւ տեսնում ենք այն, եթե իհարկե մութ չէ։ Իսկ ներքին հայացքը մեր ուշադրությունն է, որ կարող ենք անգամ փակ աչքերով այս կամ այն կողմ ուղղորդել։ Կարող ենք դիտել մեր հույզերը, մտքերը, ցանկությունները։
Ստեղծագործող մարդիկ ներքին հայացքով կարողանում են տեսնել իրենց ապագա ստեղծագործությունը՝ ֆիլմեր, նկարներ, արձաններ։ Ներքին հայացքը, փաստորեն, այն է, դեպի ուր ուղղված է մեր ուշադրությունը։ Հնարավոր է՝ դուք հիմա ինչ-որ սենյակում եք, բայց ձեր ուշադրությունը կարող է լինել լրիվ այլ տեղ։ Առավել էականը, մեր կյանքին ուղղություն տվողը հենց այս ներքին հայացքն է։
Ե՛վ ներքին, ե՛ւ արտաքին հայացքի մասին կարող ենք ասել, որ դա նման է լուսարձակի՝ որ կողմ ուղղորդում ենք, այն կողմն էլ լուսավորվում է, եւ մենք տեսնում ենք։ Իսկ դեպի որ կողմ ուղղված է մեր ներքին հայացքը, այդ կողմ էլ գնում ենք, այդ էլ անում ենք։ Դա շատ հետաքրքիր կերպով արտահայտվում է նաեւ մեր խոսքում։
Եթե մայրը սպասում է որդու վերադարձին, ասում են՝ աչքը դռանն է։ Իսկ մահամերձ մարդու մասին ասում են՝ երեսը շուռ է տվել դեպի պատը, որ նշանակում է՝ ընտրել է մահը եւ գնում է այդ ուղղությամբ։ Եթե մեկի մտքինը գողություն անելն է, ասում են՝ աչքը գողության է։ Սա նշանակում է, որ այդ մարդու ուղղվածությունը գողություն անելն է, որ գողանալու միտքը նրանից չի հեռանում։ Նա ցանկացած պարագայում ձգտում է գողություն անելու։ Եվ եթե անգամ նա սթափ ժամանակ մտածում է, որ դա անօգտակար մի բան է, միեւնույնն է, ուզելով թե ոչ, նա մնում է գողություն անելու այդ ուղում։
Սա շատ հետաքրքիր երեւույթ է։ Ստացվում է՝ որ կողմ մենք ուղղորդում ենք մեր ներքին հայացքը, այդ կողմ էլ կամա թե ակամա գնում ենք։ Եվ թե ուր կհասնենք, ավելի շատ կախված է նրանից, թե դեպի ուր ենք ուղղել մեր հայացքը։ Մեզ առավելապես բնութագրում է ոչ թե այն, թե ինչ ենք անում, այլ այն, թե դեպի ուր ենք նայում, ինչ ենք փնտրում, որտեղ է մեր ուշքն ու միտքը։ Եվ այս հարցում մենք ունենք ընտրության ազատություն։
Ընտրության ազատությունը
Յուրաքանչյուր իրավիճակում, որտեղ էլ մարդը հայտնված լինի, նա ունի ընտրության ազատություն։ Անկախ այն բանից՝ բանտո՞ւմ է նա, համակենտրոնացման ճամբարո՞ւմ, թե՞ գամված է հիվանդության մահճին, նա ունի իր ներքին հայացքն այս կամ այն կողմ ուղղելու ազատություն։
Այս մասին վկայում է անցած դարի մեծագույն հոգեբաններից մեկը՝ Վիկտոր Ֆրանկլը։ Նա, որ անցել էր գերմանական մահվան ճամբարներով, գրում է՝ «ցանկացած պարագայում մարդն ունի մի վերջին հնարավորություն՝ ընտրելու իր վերաբերմունքը, ընտրելու, թե դեպի ուր է ուղղում իր հայացքը եւ դեպի ուր է որոշում գնալ»։ Հենց ընտրելու ազատության այս գիտակցությունն էր, որ օգնեց նրան չընկճվելու եւ անցնելու բացարձակ անելանելի թվացող իրավիճակներով՝ պահպանելով իր մարդ տեսակը։
Հնարավոր է՝ մարդու ազատությունը հենց այստեղ է՝ յուրաքանչյուր տվյալ իրավիճակում մենք ազատ ենք ուղղելու մեր ներքին հայացքը ցանկացած ուղղությամբ։ Ու սրանից այն կողմ մենք ազատություն չունենք։ Մնացած հարցերում բազմաթիվ շղթաներով կապված ենք իրականությանը։ Մեզ կաշկանդում են անցյալից եկած սովորությունները, մտային կաղապարները, սոցիումի կողմից ընդունված նորմերը։ Եվ դրանք հաղթահարելը մարդու համար անհնարին է։
Այս հայացքի մասին են ֆրանսիացի փիլիսոփա, կրոնական մտածող, միստիկ Սիմոնա Վեյի հետեւյալ խոսքերը՝ «Մենք ազատ ենք միայն ուղղորդելու մեր հայացքը, մնացյալ ամեն ինչում, ինչպես մեխերով, գամված ենք անհրաժեշտությանը»։
Ես համոզված եմ՝ հայացքն ազատորեն ուղղորդելու հնարավորությամբ մեզ տրված է ոսկե բանալի, որ բացելու է բազմաթիվ դռներ։ Հիշենք՝ դեպի ուր ուղղում ենք մեր հայացքը, այն կողմ էլ գնում ենք։ Հայտնի է նաեւ՝ որ կողմ ուղղում ենք մեր ուշադրությունը, այն կողմ էլ գնում է էներգիան։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։