Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնել են, որ մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում Շիրակի մարզի Ջաջուռում վերաբացվելու է Մինաս Ավետիսյանի՝ 1982 թվականին հիմնադրված թանգարանը, որը շուրջ մեկ ամիս փակ էր վերանորոգման աշխատանքների պատճառով։ Թանգարանից հայտնել են նաեւ, որ այժմ թանգարանը ներկայանալու է նոր ձեւավորմամբ։
Ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի՝ նոր մշտական ցուցադրությունն ընդգրկում է Մինաս Ավետիսյանի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հանրահայտ ձեւավորումները՝ գունային վառ համադրություններով, ինչպես նաեւ 1970-1974 թվականներին նկարչի ստեղծած որմնանկարները: Մոնումենտալ նկարչության այս բացառիկ նմուշները, որոնք վնասվել են 1988-ի երկրաշարժի ժամանակ, իտալացի մասնագետների օգնությամբ վերականգնվել են 2009-2012 թվականներին, եւ դրանց մի մասը ցուցադրվում է Մինաս Ավետիսյանի թանգարանում։
Նշվում է, որ Ազգային պատկերասրահի 12 մասնաճյուղերից 4-ն այս տարի հանրությանը կներկայանա վերանորոգված եւ արդիականացված ցուցադրատարածքներով եւ նոր ցուցադրությամբ։