ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը G7-ի գագաթնաժողովի շրջանակում կոչ է արել բարեփոխելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ Բրետոն Վուդսի համակարգի ինստիտուտները: Նրա բնորոշմամբ՝ «Բրետոն-Վուդսյան համակարգը եւ Անվտանգության խորհուրդն արտացոլում են տերությունների հարաբերակցությունը 1945 թվականին»: «Համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը հնացած է, ոչ ֆունկցիոնալ եւ անարդար»,- շեշտել է Գուտերեշը:
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի եւ Ուկրաինայում հակամարտության հետեւանքով առաջացած տնտեսական ցնցումների պայմաններում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել կատարել անվտանգության գլոբալ ցանցի հիմնական գործառույթը: «Ժամանակն է բարեփոխել ինչպես Անվտանգության խորհուրդը, այնպես էլ Բրետոն-Վուդսյան ինստիտուտները։ Ըստ էության, դա այսօրվա աշխարհի իրողություններին համապատասխան իշխանության վերաբաշխման հարց է»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։