Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել, հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը:
«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն անդամ երկրների շրջանում հեղինակություն ունի, ցույց է տալիս իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ։ Նրանց հետ կխոսենք նաեւ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա մասնակցության թեմայով»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ը հետագա զարգացման ներուժ ունի։
Մայիսի 22-ին ավելի վաղ Փաշինյանը ասուլիսում հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը կարող է դե-յուրե որոշում ընդունել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»։