Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնեւում Առողջապահության 76-րդ համաշխարհային վեհաժողովում հայտարարել է, որ կորոնավիրուսի SARS-CoV-2 նոր շտամի առաջացման սպառնալիքը, որը կհանգեցնի ՔՈՎԻԴ-19-ից հիվանդացության եւ մահացության կտրուկ աճի, պահպանվում է։ Նա հիշեցրել է, որ համաշխարհային առողջապահության բնագավառում կորոնավիրուսի վերաբերյալ արտակարգ դրության ռեժիմն ավարտվելու մասին հայտարարվել է մայիսի 5-ին։ Գեբրեյեսուսը հավելել է, որ ՔՈՎԻԴ-19-ի ավարտը՝ իբրեւ առողջապահության բնագավառի համապարփակ արտակարգ դրություն, չի նշանակում գլոբալ սպառնալիքի դադարում:
ԱՀԿ գլխավոր տնօրենը շեշտել է, որ կորոնավիրուսի եւս մեկ տարբերակի առաջացման սպառնալիքը, որը կարող առաջ բերել հիվանդացության եւ մահացության նոր բռնկում, պահպանվում է, ավելին՝ նոր ախտածնի առաջացման սպառնալիք կա է՛լ ավելի մեծ մահաբեր ներուժով: ԱՀԿ ղեկավարը աշխարհի երկրներին կոչ է արել ակտիվացնելու նախապատրաստումն առողջապահության բնագավառում նոր արտակարգ դրություններին՝ ընդգծելով, որ նոր համավարակ սկսվելու դեպքում անհրաժեշտ է պատրաստ լինել հակազդելու վճռականորեն, հավաքականորեն եւ արդարացի հիմունքներով։