Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի 86.6 քառ. կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, հայտարարել են, որ Արցախը չի ընդունել եւ չի ընդունելու ՀՀ վարչապետի ներկայացրած մոտեցումները։ «Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախն ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար»,– ասված է համատեղ հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ ՀՀ գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են:
Սահակյանն ու Ղուկասյանը նշել են, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Իրենց հասանելի խողովակներով նրանք փորձել են զգուշացնել նման վարքագծի կործանարար հետեւանքների մասին: «Ցավով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցություն չեն ունեցել: Բազմաթիվ ձախողումների պատճառով այսօր կանգնել ենք տապալված բանակցությունների, աղետաբեր պատերազմի եւ հիմա էլ՝ հակառակորդի բոլոր պահանջներն ու քմահաճույքները կատարելու պարտադրանքի առջեւ»,– ասված է ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հայտարարության մեջ: Նշվում է, որ այն ինչ ասուլիսում հնչեցրել է Հայաստանի գործող վարչապետը, սասանել է հայկական պետականության հիմքերը, մասնավորապես, խախտելով համայն հայության իրավունքների պաշտպանը հանդիսանալու պարտավորությունը: Նախկին նախագահները հույս են հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր համայն հայությունը կլինի Արցախի ժողովրդի կողքին:
Փաշինյանի հայտարարությունից հետո` մայիսի 22-ի ուշ երեկոյան, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունել է Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձեւը։ Արցախի խորհրդարանը Հայաստանի եւ Արցախի նախկին ու գործող նախագահներին կոչ արեց դատապարտելու Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները։