Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցել է համաշխարհային դասակարգման առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքի։
Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջին չորս տուրերում Արոնյանը պարտության է մատնել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շեւչենկոյին եւ հոլանդացի Անիշ Գիրիին, ոչ- ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեաչի հետ։
Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի նաեւ կայծակնային խաղի 18 տուր։ Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։