WhatsApp ընկերությունն իր պաշտոնական գրառման մեջ հայտնել է, որ մեսենջերում ավելացվել է ուղարկված հաղորդագրությունները խմբագրելու հնարավորությունը: Այլ կերպ ասած, եթե WhatsApp-ի օգտատերը ուղարկած տեքստում սխալ է թույլ տվել կամ պարզապես մտափոխվել է, այժմ կարող է խմբագրել իր ուղարկած տեքստերը։ Այս գործառույթը սկսել է տարածվել ամբողջ աշխարհում եւ 2 միլիարդ օգտատերերին հասանելի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում: Խմբագրման հնարավորությունը գրեթե մեկ տասնամյակ առաջ ներմուծել է Facebook-ը: Օգտատերերին նման հնարավորություն ժամանակին առաջարկել են նաեւ Telegram-ը եւ Signal-ը:
Տեքստի մեջ ուղղումներ եւ լրացումներ անելու համար ընդամենը պետք է սեղմած պահել ուղարկված հաղորդագրությունը եւ ընտրացանկից ընտրել «Խմբագրել» հրամանը: Խմբագրված գրառումները կարտացոլվեն «խմբագրված» նշագրով: Ընդ որում հասցեատերը չի կարողանա իմանալ, թե ինչ փոփոխություն է կատարվել իրեն ուղարկված տեքստում: WhatsApp-ում հավելել են, որ իրենց օգտատերերի կատարած փոփոխությունները ծայրից ծայր կոդավորված են: