Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարություններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը պարզապես սուտ է։ Քաղաքագետը շեշտել է, որ Հայաստանի միակ ղեկավարը, որը պաշտոնապես համաձայնել է հակամարտության այնպիսի լուծման, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս առանց վերապահումների ընդունել է 1998 թվականի «Ընդհանուր պետություն» ծրագիրը։
«Հանուն ճշմարտության, սակայն, պետք է արձանագրել, որ այն ծրագիրը, որին համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանը, համեմատել անգամ հնարավոր չի Արցախի համար այն կործանարար պլանի հետ, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։ Բանն այն է, որ «Ընդհանուր պետություն» ծրագրի հիմքում ընկած էր Արցախի՝ «դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ» կարգավիճակի սահմանումը։ Այդ ծրագրով Արցախը ունենալու էր սեփական խորհրդարան, որը իրավասու էր լինելու արգելել Ադրբեջանի օրենքների գործածությունը Արցախի տարածքում, Ադրբեջանի ուժային կառույցներն իրավունք չէին ունենա մտնել Արցախի տարածք առանց Արցախի համաձայնության, Արցախը կունենար սեփական բանակ եւ այլն»,- նշել է Զուրաբյանը։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը նշել է, որ Փաշինյանը փաստորեն համաձայնել է, որ Արցախն ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ որպես Խանքենդիի եւ Ագդերեի ադրբեջանական շրջաններ։ Ըստ Զուրաբյանի` այդ դեպքում ԼՂ ամբողջ ղեկավարությունը, ներառյալ դատախազությունը եւ ոստիկանությունը, նշանակվելու է Բաքվից։ «Նման ընթացքի արդյունքը հայտնի է նախօրոք՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, եթե ոչ ջարդերով արտաքսումը։ Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա իր խայտառակ որոշումը, երբ բացահայտվեն այս բոլոր մանրամասները»,– համոզմունք է հայտնել Լեւոն Զուրաբյանը։ Ըստ նրա` հիմա Փաշինյանը փորձում է հերթական «նիկոլական կռուտիտով» իր որոշման պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարների վրա։
Զուրաբյանը Փաշինյանին անվանում է սուտասան եւ հավելում, որ վերջինս մոռանում է հասարակությանը հայտնել մի «փոքր մանրուք»։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահն ընդգծել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանը ստորագրել է եւ վավերացրել 10 վերապահումներով։ Դրանցից հստակորեն հետեւում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա՝ խորհրդային ինքնավար մարզի սահմաններում։