Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Euronews Romania-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը կձերբակալվի Մոլդովա ժամանելու դեպքում, ասել է, որ Մոլդովայի իրավապահները, Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն, կձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի հանրապետություն։ «Այո՛, Մոլդովայի Հանրապետությունը պայմանագիր է ստորագրել քրեական դատարանի մասին, եւ Մոլդովան կհարգի դատարանի որոշումը»,- պատասխանել է Սանդուն։
Պուտինը վերջին անգամ նախագահի պաշտոնում Մոլդովայում եղել է 2002-ի հոկտեմբերին ԱՊՀ գագաթնաժողովում։ 2008-ի նոյեմբերին նա վարչապետի պաշտոնում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Քիշնեւում։
Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման մասին միջազգային կարգադրություններ է տվել: Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների բռնագաղթի համար: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն էլ մայիսի 20-ին հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի նկատմամբ։