Վրաստանաբնակ հայազգի հասարակական գործիչ Լեւոն Չիդիլյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում հայտնել է, որ Թբիլիսիի նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարեր։ Ըստ նրա՝ դրանք Թբիլիսիի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանատան՝ 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված տապանաքարերն են։
Չիդիլյանն ընդգծել է, որ այդ ժամանակաշրջանում Թբիլիսիում ոչնչացվել են եկեղեցիներ, ավերվել են տասնյակ հայկական, վրացական եւ անգամ ռուսական եւ այլ ազգերի գերեզմանատներ: Ըստ Չիդիլյանի` դրանց թվում զոհ է գնացել նաեւ Սամեբա եկեղեցու տարածքում` Ավլաբարում գտնվող հայկական ամենամեծ գերեզմանատունը՝ Խոջիվանքը: Չիդիլյանը նշել է, որ «Խոջիվանք»-ը քանդելուց հետո կոմունիստներն այդ տապանաքարերն օգտագործել են որպես շինանյութ. միայն այս գերեզմատանը 90 հազար տապանաքար է եղել:
«Արդեն պատրաստի, տաշած տապանաքարերը կոմունիստներն օգտագործել են Թբիլիսիի գլխավոր պլանով (այսօրվա՝ Թամար թագուհու կամրջից մինչեւ Օրթաճալայի ՀԷԿ ընկած տարածքում) նախատեսված գրեթե բոլոր շինությունների մեջ. այստեղ օգտագործված է ինչպես «Խոջիվանք»-ի, այնպես էլ վրացական «Վերա» գերեզմանատան, այլ եկեղեցիների տապանաքարեր»,- շեշտել է հասարակական գործիչը:
Ըստ Չիդիլյանի՝ քանի դեռ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, հնարավոր է, որ կրկին տապանաքարեր հայտնաբերվեն: Հասարակական գործիչը վստահեցնում է՝ տապանաքարերն արդեն առանձնացվել են եւ հետագայում կհանձնվեն Թբիլիսիում հայկական ենթակառույցներին: