Ըստ գերմանական Bild պարբերականի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության 160-ամյակի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան հաղթած դուրս կգա պատերազմից, որի ավարտից հետո կդառնա Եվրամիության լիիրավ անդամ: Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պետք է ամուր կանգնած լինի Ուկրաինայի կողքին, քանի որ հենց նախկին կանցլեր Վիլի Բրանդտի հետեւողական քաղաքականության արդյունքում էր, որ Եվրոպայում ներկայում գործում են ուժի չկիրառման, սահմանների անխախտելիության, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները:
Ավելի վաղ Ուկրաինա-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հորդորել էր 2023-ին արագացնել Ուկրաինայի ՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը` հավելելով, որ Կիեւն արդեն կատարել է ստանձնած պարտավորությունների 72 %-ը:
Ֆրանսիան պատրաստակամ է ստանձնելու Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը մայիսի 23-ին հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինայի հետ համաձայնեցնել անվտանգության երաշխիքների տրամադրմանն ուղղված պայմանավորվածությունները, որոնք կօգնեն նրան երկարաժամկետ հեռանկարում պաշտպանելու իրեն եւ կանխելու ապագա հնարավոր ագրեսիաները: Ըստ ԱԳՆ-ի՝ Ֆրանսիան իր գործընկերների հետ շարունակում է քննարկել ինչպես լավագույնս աջակցել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում եւ բոլոր ոլորտներում: