Փաշինյանի ասուլիսի ամենավտանգավոր կողմն այն է, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես հետ բերել Արցախը: Բոլորն ասում են՝ վերջը մոտ է, եթե այսպես շարունակվի: Իսկ ինչպե՞ս պիտի շարունակվի, եթե ոչ այսպես: Սա է, որ ո՛չ Փաշինյանը գիտի, ո՛չ էլ ընդդիմությունը: Արցախը պահելու միակ տարբերակը ռուսների ոտքերն ընկնելն է, Հայաստանը նրանց զոհասեղանին դնելը:
Բայց նրանք ռուսներն են, ընկերներ, այսօր իրենց շահերին հարմարեցնելով գուցե կփրկեն Արցախը, բայց վաղը նորից նույն խնդիրն է ծագելու: Որովհետեւ ռուսներն էլ, մենք էլ, Արեւմուտքն էլ, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ հասկանում ենք, որ հավերժական բարեկամություն չի լինում, քաղաքականության մեջ հավերժական բարեկամության միակ ձեւը Ռուսաստանի (Թուրքիայի, Ադրբեջանի, Մոզամբիկի, Ուզբեկստանի, Պապուա Նոր Գվինեայի, Մադագասկարի) կազմի մեջ մտնելն է: Մնացած բոլոր դեպքերում մի օր նորից ծագելու է նույն խնդիրը, որովհետեւ 200-ի չափ պետություն կա, նշանակում է՝ 200-ի չափ պետական շահ, որոնցից կեսինը կարող է խոսել քո շահերի հետ, կեսինը չի կարող:
Երբ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղն ու անկլավները ճանաչում է Ադրբեջանի կազմում, պարզ է, որ չասել չի կարող, որովհետեւ չասելու դեպքում գրպանում պիտի «ատոմային ռումբ» ունենա: Երբ ընդդիմությունը կամ Մայր Աթոռն ասում են, որ էս մարդը մեզ տանում է պետականության կործանման, պիտի ասեն, թե որն է պետականության իրենց պատկերացումը՝ Հայաստանը Ղարաբաղի հե՞տ:
Իսկ ռուսներին հարցրե՞լ են, նրանք է՞լ են այդպես պատկերացնում: Եթե այո, ուրեմն ստրուկը խորն է նստած մեր մեջ, ռուսները թքած ունեն մեզ վրա: Իսկ եթե ոչ, ուրեմն թող Մայր Աթոռի հոգեւորականները գնան ու զենքով պաշտպանեն Ղարաբաղը, որը նույնպես լուծում է:
Ոչ ոք չի ուզում ընդունել, որ Ղարաբաղը պատերազմով չենք կորցրել, Ղարաբաղը կորցրել ենք մինչեւ պատերազմը: Ղարաբաղը կորցրել ենք, որովհետեւ քաղաքականության փոխարեն հայրենասիրություն ենք խաղացել, Ղարաբաղը կորցրել ենք, որովհետեւ պետության ղեկավարը ժողովրդից թաքուն է հասկացել «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» (Կարս, Կարս) երգելու անխուսափելիությունը:
Այո՛, Փաշինյանը քաղաքական գործիչ չէր, երբ եկավ իշխանության, դա մեզ արժեցավ այն, ինչի առաջ կանգնած ենք այսօր: Բայց ոչ ոք մտադիր չէր լուծել Ղարաբաղի հարցը, ազգովի չէինք հասկանում, որ Ադրբեջանը մեզնից բեթար ցանկություն չունի Մինսկի խմբով լուծելու Ղարաբաղի հարցը: Մենք մեկ վայրկյան չենք կասկածել, որ կարող ենք պահել Ղարաբաղը պատերազմով, թե առանց, հենց այդպես էլ ճամարտակել ենք աջ ու ձախ, իսկ Ադրբեջանը պատերազմից բացի այլ նարատիվ չի թմբկահարել: Այսինքն՝ էնպես չէ, որ գող-գող եկավ ու վերցրեց Ղարաբաղը:
Ո՞վ է մեղավորը: Բոլորը՝ Ադրբեջանից բացի: Որովհետեւ մենք մեր անպարտելիությունը կերակրում էինք Ռուսաստանով, որից զենք էր գնում Ադրբեջանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: