ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեք Հոգանը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ Հոգանը շեշտել է, որ խաղաղության գործընթացն առաջ է ընթանում, եւ հիշեցրել մայիսի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ որոշ ամենավիճելի հարցերի շուրջ վերջին բանակցությունների մասին:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան «ամենավիճելի հարցերի» թվում է դասել «սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաեւ վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ ԱՄՆ-ը ձգտում է համաձայնության հասնել»: Հոգանի հավաստմամբ՝ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք կողմերը ներկայում ուսումնասիրում են:
Ամերիկացի պաշտոնյան միաժամանակ բարձր է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում Եվրոպական միության դերը՝ որպես միջնորդի: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնում բանակցություններից հետո Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին: Դերեք Հոգանը նաեւ նշել է, որ կողմերն առաջիկայում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական միության նախագահի հետ՝ քննարկելու համար, թե ինչ է հարկավոր անել վերջնակետին հասնելու համար:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նշելով, որ պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում այդ հարցի առնչությամբ: