Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կենտրոններն ու դեղատները, ըստ «Լիցենզավորման մասին» օրենքում մայիսի 24-ին ընդունված փոփոխությունների, այսուհետեւ կարտոնագրվեն 5 տարի ժամկետով։ Ազգային ժողովում 65 կողմ, 25 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով ընդունված օրինագծով նախատեսվում է, որ ԲԿ-ների արտոնագրումը պարբերական բնույթ է ունենալու:
Ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ բուժհաստատությունը պետք է վստահեցնի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա արտոնագրման բոլոր պահանջներին։
Ծրագիրը սկսվելու է Երեւանից, այնուհետեւ անցում կատարելով մարզային բժշկական կենտրոններ եւ պոլիկլինիկաներ՝ սկսելու են ամբողջ համակարգի վերաարտոնագրման գործընթացը։ Նախարարը նշել է, որ նախագծի ընդունումը նպատակ ունի մշտապես բարելավելու բժշկական օգնության որակը, բուժհաստատություններում մասնագիտական կարողությունների թարմացումը եւ բժշկագիտության զարգացումը։