ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը եւ կործանիչների մատակարարումն առնչվում են Կիեւի միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքներին, ոչ թե առաջիկա հակահարձակմանը: Թե քանի F-16 է մատակարարվելու, որ երկրներից եւ երբ, չի հաղորդվում։ Հայտնի է, որ ԱՄՆ-ը գործընկերների եւ դաշնակիցների հետ մասնակցելու է ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը, որոնք էլ հետագայում վարելու են F-16 կործանիչները։ Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը մանրամասնել է, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումն ու F-16-ների մատակարարումը ուղղված են Կիեւի միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքների բավարարմանը եւ չեն հետապնում կարճաժամկետ նպատակներ ռուսական ուժերի դեմ պայքարում։
«Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելը մեր երկարաժամկետ պարտավորությունն է: Դրանք նախատեսված չեն առաջիկա հակահարձակման համար»,- ասել է Ռայդերը: «Այժմ պայքարում ենք, որ Ուկրաինան կարողանա հաջողությամբ պաշտպանել իրեն եւ, միեւնույն ժամանակ, վերականգնել իր ինքնիշխան տարածքը,- ասել է Ռայդերը եւ հավելել,- բայց ակնկալում ենք երկարաժամկետ հարաբերություններ Ուկրաինայի հետ՝ նրա անվտանգության կարիքները բավարարելու համար: Նրանք կարող են պահպանել դժվարությամբ ձեռք բերված իրենց դիրքերը եւ զսպել ռուսական ուժերին»:
Ըստ բրիտանական Foreign Policy պարբերականի՝ Մեծ Բրիտանիայում մոտ 20 ուկրաինացի զինծառայողներ կսկսեն չորրորդ սերնդի F-16 կործանիչների վրա վերապատրաստման առաջին փուլը։ «Դրանք կլինեն ուկրաինացի օդաչուների բազային ցամաքային վարժանքներ, որոնցից հետո նրանք պատրաստ կլինեն F-16 կործանիչների (կամ այլ ռազմական ինքնաթիռների) վարման ավելի մասնագիտացված ուսուցման»,- հայտնել է աղբյուրը։ Պարբերականը նշում է նաեւ, որ Նիդերլանդների պաշտպանության նախարարը մայիսի 24-ին նամակ է հղել խորհրդարան՝ հայտնելով, որ գերատեսչությունը պատրաստ է հնարավորինս շուտ սկսելու ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը: Նորվեգիան եւս հայտարարել է, որ պատրաստ է միանալու այդ գործընթացին: