ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հաշտության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա, ընդ որում՝ ադրբեջանական եւ հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին, եւ ինչպես են իրենք մտադիր կայուն խաղաղություն ապահովել: Պատասխանելով կողմերի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին` նա նշել է, որ հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ չեն կարող մեկնաբանել բանակցային ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացը: «Բաքուն ու Երեւանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին, եւ թե ինչպես են մտադիր կայուն եւ հուսալի խաղաղություն ապահովել իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում, հասկանալի է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա»,- հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Գալուզինը հիշեցրել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին: «2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացված գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդների եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարեւորությունը՝ տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով»,- հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Գալուզինը համոզմունք է հայտնել, որ այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020-ի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնեցրած եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման համատեքստում:
«Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում եւ ձեւավորում են Բաքվի եւ Երեւանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,- նշել է նա։ Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ռուսական կողմն օգնում է կողմերին շփման կետեր գտնելու, իրենց ձեռնտու ձեւակերպումների եւ փոխզիջումների գնալու: