Ըստ European Truth-ի՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը գազի սպառումը նվազեցնելու իր ծրագրի շնորհիվ կարողացել է վերջին մեկ տարվա ընթացքում հաղթահարել կախվածությունը ռուսական էներգակիրներից։ «Այժմ կարող ենք ասել, որ այլեւս կախված չենք նրանցից»,- շեշտել է ԵՄ պաշտոնյան:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ ԵՄ-ն ամբողջովին դադարեցրել է ռուսական ածուխի ներկրումը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներկրմանը, շուտով այն կկազմի Ուկրաինայի դեմ Մոսկվայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից առաջ առկա ծավալի մի փոքր մասը միայն։ Մաքֆինը հավելել է, որ «ռուսական գազն արագորեն անհետանում է եվրոպական շուկայից»։
Ռուսաստանում պատերազմի պատճառով գազի ճգնաժամը հաղթահարելու նպատակով ամբողջ Եվրամիությունում գազի սպառումը 15%-ով նվազեցնելու ԵՄ ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվա օգոստոսից: Ըստ այդմ, ԵՄ երկրները պետք է գործադրեին բոլոր ջանքերը՝ մինչեւ 2023-ի մարտը գազի սպառումը 15%-ով նվազեցնելու համար։ Այս տարի Եվրահանձնաժողովը որոշել է ԵՄ երկրներին առաջարկել կամավոր կերպով շարունակել ապագայում գազի սպառման՝ 15%-ով կրճատման մարտավարությունը։