Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023-ի 1-ին եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 585,8 հազար վրացի ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 2,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ըստ Geostat-ի՝ ուղեւորությունների ամենամեծ մասը՝ 46,3 %-ը, կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները։ «Նշված թվից Վրաստանի ռեզիդենտ այցելուների՝ արտերկիր կատարած այցելությունների թիվը կազմել է 448,4 հազար, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի մշտական այցելուները 255,4 հազար զբոսաշրջային տիպի այցելություններ են կատարել արտերկիր, ինչը 76,9 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այցելությունների մեծ մասը՝ 49,1 %-ը, կատարել են 31-50 տարեկան Վրաստանի բնակիչ այցելուները։ Կանանց այցելությունների թիվը կազմել է այցելությունների ընդհանուր թվի 45,4 %-ը»,- նշված է Geostat-ի հաղորդագրության մեջ։
Հիմնականում այցելել են Թուրքիա եւ Հայաստան
Նույն տվյալների համաձայն, այցելությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա՝ 234,1 հազար եւ Հայաստան՝ 64,3 հազար այցելություն։ Geostat-ը նշում է՝ 2023-ի 1-ին եռամսյակում կատարված այցելությունների ընթացքում անցկացրած գիշերների միջին թիվը կազմել է 6,1 գիշեր, ինչը 5,4 %-ով պակաս է 2022-ի 1-ին եռամսյակում գրանցված ցուցանիշից: Geostat-ի տվյալներով՝ 2023-ի առաջին եռամսյակում այցելությունների ընթացքում կատարված ծախսերը կազմել են 372,5 միլիոն լարի, ինչը 30,7 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մեկ այցելության միջին արժեքը 2022-ի 1-ին եռամսյակի համեմատ նվազել է 37 %-ով եւ կազմել 830,8 լարի: