Կրեմլում մայիսի 25-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն տեւել է մոտավորապես 20 րոպե: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Ռուասաստանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակելու մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում: Հանդիպումից առաջ երեք ղեկավարները դեմառդեմ զրույց են ունեցել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Պուտինն ընդգծել է, որ հարցերը շատ կարեւոր են, զգայուն։ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ եթե ի վերջո, հակառակ բոլոր դժվարություններին, կողմերը որոշումների հանգնեն այդ հարցերի վերաբերյալ, դա անկասկած շահավետ կլինի թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի համար: «Դա շահեկան կլինի նաեւ ամբողջ տարածաշրջանի համար, որովհետեւ դրանով շահագրգռված են շատ պետություններ, եւ դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, ներառյալ քաղաքական ուղղությամբ այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»,- ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ավելի ուշ մեկնաբանելով «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ո՞ր հարցերը դեռեւս կարգավորված չեն» հարցը, հայտարարել է, որ խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարեւոր են: «Խոսքը հենց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու կարգի մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային եւ մաքսային հսկողությունը, որը սովորաբար իրականացվում է սահմանին»,- ընդգծել է Օվերչուկը: