ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել տեսանելի ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն գլխավորը, ըստ նրա, ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։
Պեսկովը հիշեցրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջեւ առկա խնդիրները։ «Ամեն ինչ ամբողջությամբ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարեւորն, ամեն դեպքում, վերջնական արդյունքն է, ժամանակի հետեւից ոչ ոք չի ընկնում»,-ընդգծել է նա։
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի՝ հենց սա հաշվի առնելով էլ հազիվ թե այժմ որեւէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը: Պեսկովը հավելել է, որ ներկայում հանգամանքները շատ առումներով փոխվել են, եւ, ըստ էության, այս փոփոխված հանգամանքները հնարավոր են դարձնում արդեն տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Խաղաղության համաձայնագիր կստորագրվի հունիսի 1-ին Քիշնեւո՞ւմ
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան չի բացառել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրեն հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։ «Հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Աբդուլաեւան։
Գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն ու Ալիեւը բանակցություններ կանցկացնեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: