Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 12 խնամյալներ, որոնք պետական պատվերի շրջանակում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Դեռեւս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան:
6 երեխա «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում է: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 խնամյալ վերակենդանացման բաժանմունքում է, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում մասնակիորեն վերականգնվել են պլանային հետազոտությունները եւ միջամտությունները։