Կառավարության՝ անցած տարեվերջին կայացրած որոշումը, թե աղետի գոտու բնակավայրերը վերջնականապես ազատելու են տնակներից, առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների անհանգստությունը: Բանն այն է, որ տնակների ապամոնտաժումը ենթադրում է ոչ թե ապահովել բոլոր տնակաբնակներին կացարանով, այլ ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ մարզում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում 2964 ոչ հիմնական շինություններ կան, որոնց առյուծի բաժինը Գյումրիում է՝ 2648 տնակ: Երկրորդ տեղում Ախուրյան համայնքն է՝ 295 ոչ հիմնական շինությունով:
Տնակաբնակներից ոմանց համար պետությունը փոխհատուցում նախատեսել է: Մասնավորապես, երկրաշարժից անօթեւան մնացած կամ 4-րդ աստիճանի վթարայնության բնակարաններ ունեցող 346 տնակաբնակ ընտանիքներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր: Թե նրանցից քանիսին կհաջողվի տան տեր դառնալ, հայտնի չէ, քանի որ սահմանված գումարով բնակարան ձեռք բերելը գրեթե անհնար է:
Փոխհատուցում ստացած բազմանդամ գերդաստանից առանձնացած 101 ընտանիքներ, որոնք անօթեւանների հերթացուցակում հաշվառված են, կստանան մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցություն:
Բնակարան օտարած կամ այլ համայնքներից եկած ու տնակում հաստատված 1347 ընտանիքներին էլ Կառավարությունը որոշել է սոցիալական բնակարանով ապահովել: Ժամկետները հայտնի չեն:
237 ընտանիքների, որոնք բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր են ստացել եւ օտարել, պետությունը մեկ տարի ժամկետով 60 հազար դրամ կհատկացնի որպես բնակարանի վարձ: Մեկ տարի անց քաղաքացիներն իրենք են լուծելու կացության հարցերը:
927 ընտանիքների համար պետական աջակցության ոչ մի ծրագիր չկա. պայմանը մեկն է՝ քանդել տնակն ու ազատել համայնքապատկան հողը, այլապես համայնքը հարկադրաբար կանի դա: Սրանք այն ընտանիքներն են, որոնք պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակարան են ստացել, բայց չեն սեփականաշնորհել, որ տնակը չքանդեն: Աջակցություն չստացողների թվում են նաեւ սեփականություն ունեցող, բայց տնակում բնակվողները: Առաջնահերթ ապամոնտաժվում են երկար տարիներ չբնակեցված կամ տեր չունեցող տնակները:
Ախուրյան համայնքի կանաչ գոտու համար նախատեսված հատվածում ուղիղ երկու տասնամյակ Թովմասյանների ընտանիքը տնակ է տեղադրել, քարապատել, բարեկարգել:
Նախկին օդաչու, այժմ ռադիոտեխնիկ Արամ Թովմասյանն ընդունում է, որ պետությունն իրենց պարտք չէ, քանի որ կորցրած սենյակների չափով փոխհատուցում ստացել են: Չորս եղբայր են, ամուսնացել են, գերդաստանը մեծացրել: Եղբայրներով որոշել են, որ հայրական տունը հանձնեն կրտսերին, իրենք առանձնանան:
Երկու եղբայրն արտագաղթել են, Արամը մնացել է Ախուրյանում, տնակ է սարքել, երեք զավակ ունեցել, ավագ որդուն էլ տնակից բանակ ուղարկել: Տարածքը գնելու ցանկություն է հայտնել, բայց տարիների ընթացքում գործարքը ձգձգվել է: Մի օր էլ իմացել է, որ տարածքը գնել կամ սեփականաշնորհել չի թույլատրվում. կանաչ գոտի է:
Արամը հարկադրված մեկ այլ տարածք է գնել, 2011 թվականին տան հիմք գցել, սկսել կառուցել՝ շարունակելով ապրել կանաչ գոտում շինված տնակում: «Գործերս լավ էին, տունս արագ կառուցում էի, հետո հիվանդացա, գումար չեղավ, տան շինարարությունն էլ կիսատ մնաց,- պատմում է Արամը,- հիմա էլ ծանուցում եմ ստացել, ասում են՝ գալիս ենք տունդ քանդենք»: Արամը մտահոգ է՝ 120 հազար դրամ եկամուտով ինչպես կերակրի ընտանիքին, զուգահեռ էլ կառուցի տունը: Խնդրում է՝ եթե հանում են տարածքից, գոնե ֆինանսապես աջակցեն, կիսակառույցը ավարտին հասցնի:
Հարցին, թե՝ եթե տնակն այնուամենայնիվ քանդեն, ինչ են անելու, տանտիկինը՝ Էլմիրա Մանուկյանը, ասում է՝ կիսակառույցի կողքին մի նոր տնակ կդնեն, որն անհամեմատ ավելի վատը կլինի: «Եթե մեզ հանում եք, որ տնակ չլինի, օգուտը ո՞րն է: Որ ես գնամ այլ տնակում ապրեմ, տնակների հարցը կլուծվի՞: Երկու տեգրս թողեցին գնացին Ռուսաստան, ես չեմ ուզում գնալ, ինչո՞ւ եք ինձ տնից հանում, ստիպում արտագաղթել»,- վրդովված ասում է Էլմիրան:
Տնակներից ազատվելու ծրագիրը կծառայի՞ նպատակին, քաղաքացին տան տե՞ր, թե՞ ավելի վատ ու խարխուլ տնակի տեր կդառնա, պարզ կլինի շուտով:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։