ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ից՝ 19:00-ից որոնվող՝ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի շահագործող թիկունքային մատակարարման «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով եւ ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն էին տարածել, թե, իբր, հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: Հայտնաբերված մեքենայում նաեւ առկա է զինծառայողներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու եւ տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:
«Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առեւանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Թարմացում
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների անունները: Նրանք են Հարություն Յուրիկի Հովագիմյանը եւ Կարեն Աշոտի Ղազարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը եւ առեւանգել զինծառայողներին: