Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատարանը մայիսի 28-ին կալանավորել է նախօրեին սահմանային գոտում առեւանգված հայ զինվորականներին։ Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանի ՔՕ–ի 6 հոդվածով քրեական գործ է հարուցվել։
Նախօրեին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանին երկու զինծառայող է անհետացել։ Նրանց հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին 19:00–ի սահմաններում, երբ նրանք «ԿամԱԶ»–ով մարտական դիրքեր սնունդ են հասցրել։ Ավելի ուշ հայտնաբերվել էր միացված շարժիչով մեքենան, իսկ մեքենայի սրահում՝ զինծառայողներից մեկի ինքնաձիգը։ ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈՒ զինված խումբ է ներխուժել ՀՀ տարածք եւ առեւանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին եւ Կարեն Ղազարյանին։
ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը` հորդորելով ազատ արձակել եւ վերադարձնել առեւանգած երկու հայ զինվորներին: