Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկների 99,85%-ը մշակելուց հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին են ձայների 52.16%-ը, եւ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 47.84%-ը։ Էրդողանը Քըլըչդարօղլուից առաջ է անցել 2 միլիոն ձայնով։ Որոշ երկրների ղեկավարներ արդեն շնորհավորել են Էրդողանին։
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտությունից հետո առաջին ելույթում հայտարարել է վերջին տարիների «ամենաանարդար» ընտրական գործընթացի մասին եւ խոստացել է շարունակել պայքարը ժողովրդավարության համար: «Մենք տեսանք վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթացը»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն:
Նա նաեւ հայտարարել է, որ ճնշման է ենթարկվել։ «Մենք կշարունակենք պայքարը, քանի դեռ մեր երկրում չի իրագործվել ժողովրդավարությունը այդ բառի իրական իմաստով»,- նշել է Քըլըչդարօղլուն: Արդյոք ընդունում է իր պարտությունը, թե վիճարկելու է քվեարկության արդյունքները՝ նախկին թեկնածուն ուղիղ չի ասել։