ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մըքքարթին վերջնական համաձայնության են հասել պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ եւ Ներկայացուցիչների պալատին եւ Սենատին երկկուսակցական համաձայնությունը հաստատելու կոչ են արել:
Ըստ Associated Press գործակալության՝ 99 էջից բաղկացած օրինագծով նախատեսվում է, որ երկրի պետական պարտքի շեմը կբարձրանա մինչեւ 2025 թվականը: Ներկայացուցիչների պալատն օրինագծի շուրջ կքվեարկի մայիսի 31-ին: 2024 ֆինանսական տարում նախատեսվում է պաշտպանական ծախսերի համար հատկացնել 886 միլիարդ դոլար, ինչպես ավելի վաղ առաջարկել էր ԱՄՆ նախագահը: Associated Press-ը նշում է նաեւ, որ ըստ Սպիտակ տան գնահատումների՝ տվյալ օրինագծով կառավարության ծախսերը կկրճատվեն առնվազն 1 տրիլիոն դոլարով, սակայն պաշտոնական հաշվարկները դեռ չեն հրապարակվել: Դաշնային կառավարության պետական պարտքի առավելագույն սահմանը 31,47 տրիլիոն դոլար է: Ըստ մոտավոր գնահատումների՝ 2023 ֆինանսական տարվա վերջին՝ 2024-ի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պետական պարտքը կհասնի 32,69 տրիլիոն դոլարի:
«Ըստ իս՝ սա շատ կարեւոր քայլ է, որն օրակարգից հանում է աղետալի դեֆոլտի վտանգը եւ պաշտպանում է մեր՝ դժվարությամբ ձեռք բերված եւ պատմական տնտեսական վերականգնումը»,- ասել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ թեեւ կողմերից ոչ մեկը չկարողացավ հասնել իր բոլոր նպատակներին, սակայն համաձայնության հասնելը լավ նորություն է ամերիկյան ժողովրդի համար եւ կանխում է հնարավոր վատագույն ճգնաժամը՝ երկրի պատմության ընթացքում առաջին դեֆոլտը: