«Մենք սովոր ենք ինքներս մեզ հետ, մեր մասին խոսելու, մեր մեդիան պետք է աշխարհի հետ երկխոսելու միջոցներ ու ձեւեր գտնի։ Սա հաղորդակցվելու, հնարավորությունները հղկելու, շտկելու եւ մասնագիտանալու փորձ է նաեւ: Երբեմն ընդամենը հրավեր է պետք, որ մեր միջազգային ընկերների հետ սկսենք հավասարը հավասարի պես շփվել` հասկանալու, թե այն նյութերը, որ մեզ են հուզում, որքանով են կարեւոր իրենց համար»,- EVN Report-ի համակարգող խմբագիր Ռուբինա Մարկոսյանը նշեց նաեւ, որ անցյալ տարի, երբ նախաձեռնեցին EVN միջազգային մեդիա փառատոնը, հասկացան, որ տեղական ընթերցողը կարիք ունի հասկանալու մեդիան, իսկ մեդիան կարիք ունի պատմելու իր մտահոգությունների, դաշտում առկա բացերի մասին:
Երկխոսությունն ինչ-որ առումով բուժիչ են համարում կազմակերպիչները։ Երեւանում երկրորդ անգամ անցկացվող EVN Report մեդիա փառատոնն այս տարի եւս համախմբել էր տեղական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ընդգծելու լրագրողների առանցքային դերը հասարակության ընկալումների ձեւավորմանը նպաստելու գործում: Փառատոնի շնորհիվ ստեղծվում են կապեր, համագործակցության հարթակներ, ընդգծվում է լրագրողական խոսույթի մշակույթի կարեւորությունը։
EVN report առցանց վերլուծական, լրատվական հարթակի նախաձեռնած փառատոնը ներառում է պանելային քննարկումներ, զրույցներ, աշխատարաններ, խորհրդատվություններ, ցուցահանդեսներ եւ ֆիլմերի ցուցադրություններ, որոնք ընդգրկում են մի շարք թեմաներ՝ պատերազմից մինչեւ քաղաքականություն: Կազմակերպիչները ոգեշնչվել են The New Yorker festival-ից։
Ռուբինա Մարկոսեանն ասում է՝ դրսի հյուրերի թիվն այս տարի կրկնապատկվել է, մերժում չեն ունեցել, լրագրողներ են ժամանել Անգլիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Լիտվայից: Մայիսի 27-29–ին անցկացվող միջոցառումների ընթացքում մասնակիցներն առիթ ունեցան շփվելու լրագրողների, խմբագիրների հետ, վերարժեւորելու հավաստի եւ վստահելի նորությունների եւ տեղեկատվության կարեւորությունը:
Ներկայացվեց Հայաստանի ՏՏ ոլորտին անդրադարձող առաջին տպագիր՝ «374» ամսագրի անդրանիկ համարը: Մեկնարկային համարը լույս է սփռում Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների վրա։ EVN report-ի խորհրդի անդամ Րաֆֆի Կասարջյանն ասում է․ «Ոլորտին վերաբերող հոդվածները մինչ այս եղել են գործող ընկերությունների հաջողությունների մասին, մակերեսային, ոչ վերլուծական, այս ամսագիրը առաջին անգամ է խորքային վերլուծություն ներկայացնում, ցույց տալիս, թե ինչպես շարունակել զարգանալ՝ որոշակի դիրք ունենալու միջազգային ՏՏ դաշտում»։
Պանելային քննարկումների ընթացքում միջազգային եւ տեղական լրագրողները, փորձագետները քննարկում են մեդիայի առջեւ ծառացած խնդիրները: Հետաքննական լրագրության մեծ փորձառություն ունեցող լրագրողները ՝ NBC, OCCRP, Blankspot եւ «Հետք» պարբերականներից, խոսեցին այն մասին, թե ինչ ազդեցություն ունի հետաքննական լրագրությունն իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու գործում, որոնք են այն մեթոդները, գործիքներն ու ռազմավարությունները, որ կիրառում են հետաքննող լրագրողները՝ կոծկված ճշմարտությունները բացահայտելու համար:
Politifact, CivilnetCheck, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետներն ու լրագրողները պանելային մեկ այլ քննարկման ընթացքում խոսեցին ապատեղեկատվությանը վերաբերող հարցերից, դրանց հետեւանքով առաջացող խնդիրներից եւ այն ռազմավարություններից, որով առաջնորդվում են ճանապարհն անցնելիս։
Փառատոնի բացման արարողությանը զուգընթաց 4 ցուցահանդես բացվեց: «Շերտ շերտի» ցուցադրությունը Կինոյի տանն է կազմակերպված։ Վիզուալ արտիստ Արմինե Շահբազյանը, որ նաեւ փառատոնի նախաձեռնող EVN Report լրատվական, վերլուծական հարթակի պատկերազարդողն է, որոշել էր ներկաներին առաջնորդել մեդիայի տարբեր շերտերով՝ հնարավորություն տալով ճեղքելու տեղեկության մշակման սահմանները: «Պատկերների շարքը դիտողներին տեսողական պատմությունների միջով ճամփորդելու հնարավորություն է տալիս, յուրաքանչյուր շերտ բացահայտում է ավելի մեծ պատմության մի հատված՝ միավորելով բազմաթիվ հորիզոններ,- ասում է Շահբազյանը` հավելելով, որ այն կոչված է առաջացնելու միասնության զգացում՝ հիշեցնելով ընդհանուր թելերի մասին, որոնք կապում են մեզ մեր հավաքական իրականության հետ»:
Արվեստագետների իրավունքների ոտնահարմանն է առնչվում «Թխած հանդես» ցուցադրությունը: «Բառախաղ կա։ Հեղինակային իրավունքների ոտնահարմանն ու անարդարության այլ դրսեւորուﬓերի բախվելով՝ ստեղծագործողները հաճախ հայտնվում են դժվարին երկընտրանքի առաջ՝ հարցը լուծել առճակատմա՞ն ﬕջոցով, ինչը կարող է հանգեցնել աղմուկի, թե՞ հանդուրժել եւ չբարձրաձայնել խնդիրը,- ցուցահանդեսի համակարգող, մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիայի համակարգող Մարիամ Եղիազարյանի կարծիքով լռությունն արվեստագետին պաշտպանող կառույցների բացակայության եւ/կամ թերգործունեության, քննադատական մտածողության եւ մոտեցման բացակայության հետեւանքն է,- «ունենք գործեր, որոնք մերժում են հեղինակների բացարձակ իրավունքները, շոշափում այն հարցը՝ որտեղ է ավարտվում ոգեշնչումը, եւ սկսվում «թխելը»: Հաճախ ստեղծարար խմբերից դուրս մղվելու կամ համայնքի կողﬕց քննադատության արժանանալու վախը, սեփական իրավունքները պաշտպանելու սահմանափակ հնարավորությունները արվեստագետներին ստիպում են լռել եւ համակերպվել իրավունքների ոտնահարման հետ՝ դարձնելով նրանց խոցելի ու անպաշտպան»։
«Մայր Հայաստան» գրաֆիկական էսսեի հեղինակները Արմեն Հայաստանցին ու Հարութ Թումաղյանն են: Եռամաս պատմության գլխավոր հերոսը Մայր Հայաստանի խորհրդանշական արձանն է, որն ավելի քան կես դար հսկել է քաղաքը, երկիրը: Առաջին մասում նա մեկնում է ճանապարհորդության՝ այտուցված ոտքերը հանգստացնելու համար ջրավազան գտնելու նպատակով, այլ արձանների հետ զրույցների միջոցով քաղաքի բնակիչների մտածելակերպին եզակի դիտանկյուններ է հաղորդում:
Դուրս գալով լճից՝ փորձում է վերադառնալ իր պատվանդանին: Շուտով հայտնաբերում է, որ այլ արձաններ են պայքարում իր տեղը զբաղեցնելու համար: Երրորդ մասը, որը նախատեսվում է թողարկել 2024 թվականին, կլինի գրաֆիկական էսսեի եզրափակիչ գլուխը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։