Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնել է, որ ընդամենը օրեր առաջ, Արցախի նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը եւ Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները»,-նշել է Ավանեսյանը:
Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Արցախի նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով եւ Արցախի Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, եւ, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարեւորությունը:
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձեւաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: «Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որեւէ սկզբունք եւ պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-շեշտել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: