Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ 2021-ի համեմատ 2022-ին Հայաստանում թունավորման դեպքերը պակասել են 2,5 անգամ: Նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մասը, երկրորդային կամ խաչաձեւ աղտոտման պատճառով են՝ ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին եւ այլն:
Թունավորումների վերլուծությամբ առանձնացվել է երկու ռիսկ. թունավորման դեպքերի մոտ 90%-ն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ եւ աշխատակիցների նախնական եւ պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ, թունավորումների 70%-ի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ միկրոօրգանիզմներով աղտոտված սնունդ ուտելու հետեւանքով տարեկան 600 միլիոն մարդ է հիվանդանում: Աշխարհի զարգացած երկրներում եւս ամեն տարի գրանցվող թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով՝ խաչաձեւ աղտոտում, պահման պայմանների խախտում, լվացման եւ ախտահանման, ինչպես նաեւ անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանում եւ այլն։