Շիրակի մարզի ութ գյուղում այս տարի վերջին զանգը չհնչեց. Ալվարում, Մեղրաշատում, Գառնառիճում, Զորակերտում, Բյուրակնում, Թավշուտում, Հովունիում եւ Լեռնուտում շրջանավարտ չկար: Յոթ դպրոցում կրթօջախին հրաժեշտ տվեցին մեկական, տասնմեկում էլ՝ երկուական աշակերտ:
Մարզում 1710 շրջանավարտ կա, կեսից ավելին գյումրեցի են կամ նախընտրել են կրթություն ստանալ քաղաքի դպրոցներում:
Շրջանավարտ չունեցող գյուղերից մեկի՝ Ալվարի դպրոցի երկարամյա տնօրեն Ռուբիկ Համբարյանն ասում է՝ վերջին տասնամյակում սա երրորդ տարին էր, որ առանց շրջանավարտի ուսումնական տարի ամփոփեցին: Դպրոցը տիպային կառույցում չի գործում, նախկին բուժկետն է կրթօջախի վերածվել: Ռուբիկ Համբարյանը երանությամբ է հիշում՝ մինչեւ 1998 թվականը դպրոցն աշակերտներով լեփ-լեցուն էր: Փոքրիկ գյուղում մինչեւ յոթ տասնյակ սովորող են ունեցել: «Երեք հերթով դաս էինք անում, հարեւան գյուղերի երեխաները նույնպես մեր դպրոցում էին սովորում»,- ասում է տնօրենը:
Գյուղում գրանցված 33 տնտեսություն կա, որից միայն 12-ն են փաստացի բնակվում: Այժմ դպրոցի ութհոգանոց աշխատակազմով ութ երեխայի են կրթում: Լավատեսական լուր էլ չկա՝ այս ուսումնական տարում առաջին դասարանցի նույնպես չեն ունենալու:
Մանկավարժն ասում է՝ բնակչությունը ծերացած է, ո՞վ երեխա ունենա: Երիտասարդ ընտանիքները գյուղից գնում են՝ իրենց հետ տանելով երեխաներին ու ապագան:
Պատմական գիտությունների թեկնածու, էթնոաշխարհագրագետ, դոցենտ Արտաշես Բոյաջյանը գիտականորեն վերահաստատում է՝ Հայաստանը ծերանում է, երկրում ժողովրդագրական ձմեռ է:
Ըստ էթնոաշխարհագրագետի կատարած հետազոտության՝ մինչեւ 2018 թվականը ծնվածների թիվը գերազանցում էր մահացածների թիվը: 2018-ին Լոռիում առաջին անգամ մահացածների թիվն է գերազանցել ծնվածներինը։ 2020 թվականին միտումը Շիրակի մարզ էլ է հասել, այնուհետեւ տարածվել այլ մարզերում:
Այսօր 65 եւ բարձր տարիքի բնակչությունը հանրապետության բնակչության թվի 14,5 տոկոսն է, գյուղական որոշ բնակավայրերում՝ 20-22 տոկոսը, հասարակությունը ոչ թե ծերացող, այլ մահացող է համարվում:
Արտաշես Բոյաջյանն ասում է՝ նվազում է նաեւ ամուսնական տարիքի բնակչության թիվը։ «2020 թվականին 5 հազար երիտասարդներ մահացան: Նրանք պետք է ապահովեին առաջիկա տարիների վերարտադրությունն ու սերնդափոխությունը»: Բոյաջյանը պարզ հաշվարկ է ներկայացնում. 5 հազարից ամեն մեկը գոնե երկու երեխա կունենար: Ստացվում է՝ 10 հազար երեխա չծնվեց, ինչն իր լուրջ ժողովրդագրական հետեւանքները կունենա մոտ ապագայում:
Մասնագետները սթափության կոչ են անում իշխանություններին, հորդորում են աչք չփակել խնդրի վրա: Առանց մարդկային ռեսուրսի պետությունը գոյատեւել չի կարող, իսկ իշխանությունն առանց պետության այլեւս գրավիչ չէ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։