Ի՞նչ զարգացումներ է կանխատեսել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, երբ ռազմական դրության պայմաններում խստագույն սահմանափակումներ մտցնելու եւ միանձնյա պատասխանատվություն ստանձնելու մասին հրամանագիր արձակեց՝ փաստացի կասեցնելով քաղաքական քննարկումները։
Նրա ուղերձում առկա է դիտարկում, որ ի պաշտոնե ավելի տեղեկացված է։ Բայց չէ՞ որ այդպես է եղել միշտ։ Եվ եթե ստեղծված բախտորոշ իրավիճակում գերխնդիր է կառավարելիությունը, նախընթաց երկուսուկես տարում ինչո՞ւ էր «նավակ ճոճում»։ Արդեն նույնիսկ անհնար է թվարկել, թե հետպատերազմական շրջանում քանի «նախաձեռնություն» է դրսեւորվել, կառավարման համակարգի «օպտիմալացման» քանի տարբերակ է «մշակվել», բաց եւ փակ ինչ քննարկումներ են ընթացել։
Ինչո՞ւ։
Չէ՞ որ մի բան օրվա լույսի պես պարզ էր․ եղել է պատերազմ, կա նոյեմբերի 9-ի Հայտարարություն, ունենք հայաբնակ մնացած երեք հազարից մի փոքր ավելի քառակուսի կիլոմետր տարածք եւ շուրջ 120 հազար բնակիչ, որ վերադարձել եւ ապրում է ոչ այնքան Արցախի կամ Հայաստանի իշխանության, որքան ռուս խաղաղապահների հանդեպ վստահության «ուժով»։
Սա է իրականությունը, որի հանդեպ քաղաքական ինչ «վարժանքներ» էին արվում՝ մնում էր անհասկանալի, եթե չասվի՝ կասկածելի։ Որովհետեւ Ստեփանակերտում ՊՊԿ ստեղծելու կամ «համախոհ կառավարում» ձեւավորելու նախաձեռնություն ցուցաբերող ուժերն ու անհատները քաղաքական նորելուկներ կամ ռոմանտիկներ չէին։ Հասուն, ճանապարհ անցած մարդիկ էին։
Ի՞նչ ունեցանք։
Սահմանադրական կարգը խարխլվեց, նրա հետ էլ՝ պետական կառավարման համակարգը։ Հանրությունը մասնատվեց եւ մատնվեց «փրկչի» որոնման տվայտանքների։ Խորացավ Հայաստանի իշխող ուժի, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահությունը։ Այդ ընթացքում Բաքուն նախագահի աշխատակազմի մակարդակով երկխոսության երկու առաջարկ արեց։ Իհարկե՝ «ռեինտեգրացիայի օրակարգով»։ Ստեփանակերտը մերժեց։ Հետեւեց Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը, քայլ, որ Ալիեւի ձեւակերպմամբ՝ արցախցիների համար «դաս պիտի լինի»։
Մայիսի 28-ին Ալիեւը պահանջ ներկայացրեց, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է լուծարվեն։ Որ Բաքուն այդ քայլին պիտի գնա, սպասելի էր։ Բայց ինչո՞ւ Ալիեւն այդ մասին հայտարարեց Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Ինչո՞ւ մոսկովյան բանակցություններից երկու օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով դիմեց նաեւ Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ հորդորելով ապահովել Լաչինի միջանցքի նախկին ռեժիմը։ Մայիսի 29-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բացահայտեց, որ Մոսկվայում Լաչինի միջանցքի հարցով քննարկումներ եղել են, արդյունք՝ ոչ։ Իրավիճակը նա բնութագրեց «ցավալի»։
Արցախի շուրջ օղակը սեղմված է։ «Մենք կարող ենք այնտեղ (Արցախում) ցանկացած գործողություն իրականացնել»,- Լաչինում հայտարարել է Իլհամ Ալիեւը։ Հաջորդ օրը Բաքվի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը գնդակոծել են»։ Պետք է եզրակացնել, որ Ադրբեջանում «հակաահաբեկչական» ռազմագործողություն է ծրագրվել։ Մոսկվայում Ալիեւը պահանջել է, որ «հայկական ուժերը դուրս բերվեն Ղարաբաղից»։
Այս պայթյունավտանգ իրավիճակի դիմաց ի՞նչ ունենք։
Հայաստանը չի կարող ռազմական ուժով պաշտպանել Արցախի պետականությունը։ Միջազգային դերակատարները զսպվածության կոչ են անում եւ կողմերին խաղաղության հասնելու հորդոր հղում։ Ռուսական խաղաղապահ զորախումբը բացառապես հումանիտար խնդիրներ է լուծում։ Ընդ որում՝ միայն Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների շրջանակում։ Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան գրառումով անուղղակի դիմել է նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Այլընտրանք չկա։ Կա՛մ իշխանությունը կիսում ես Սամվել Բաբայանի հետ՝ նրան տալով լայն լիազորություններ, կա՛մ իշխանությունը հանձնում ես Ալիեւին»։
Ֆեյսբուքի օգտատիրուհին, որ շրջափակման «օրագիր» է ստեղծում, այլ առաջարկություն ունի՝ դիմում է Սամվել Բաբայանին եւ Ռուբեն Վարդանյանին եւ պահանջում կա՛մ միանալ, համատեղել գաղափարները, ծրագրերը եւ ռեսուրսները, կա՛մ երկուսով հեռանալ Արցախից։ Արցախյան «դեգրադացիան», ինչի վտանգավորության մասին լուրջ մարդիկ զգուշացնում էին ի սկզբանե, այլեւս բացահայտված իրողություն է։ Կարող ենք ամենատարբեր վարկածներ առաջադրել, հարցադրում անել, թե ինչու նախագահը «ձեռքը սեղանին չզարկեց» ավելի վաղ։ Բայց ի՞նչ կտա նոր «բանավեճը»։ Գործնականում՝ միայն վնաս։
X պահը մեր դռներն է ծեծում։
Ալիեւյան քարոզչամիջոցը «խիստ մտահոգված է»՝ Փաշինյանը կմնա՞ իշխանության։
Ավելի շատ սպառնալիքի տպավորություն է թողնում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։