Ամերիկյան Heritage հանդեսը գրում է, որ Կորդովայի համալսարանի մասնագետները 2019-ին դամբարանում հայտնաբերված քվարցե անոթի պարունակությունը հետազոտելուց հետո կարողացել են պարզել 2000 տարեկան հռոմեական օծանելիքի բաղադրությունը։ Նախկինում օծանելիքի սրվակները պատրաստում էին փչովի ապակուց, իսկ ահա այս հանքանյութի նմուշները հազվագյուտ երեւույթ էին։ Տարան դրված էր կտորե պայուսակի մեջ (որում նաեւ սաթե ուլունքներ էին պահվում), 30-40 տարեկան կնոջ դիակիզված աճյունի վրա։ Նրանից բացի՝ դամբարանում եւս երկու կնոջ եւ երեք տղամարդու սափորներ են եղել։
Պինդ քսուք–օծանելիքով սրվակը կնքված էր խցանի դեր կատարող դոլոմիտով, ինչպես նաեւ բիտումով, որը հերմետիկ պահպանում էր պարունակությունը` հասցնելով այն մինչեւ մեր օրերը։ Դա պարզելու համար հեղինակները կիրառել են ռենտգենային դեֆրակցիայի, գազային քրոմատագրության զանգվածային սպեկտրոմետրիայի մեթոդը։ Բուն օծանելիքը բաղկացած էր երկու բաղադրիչներից. հիմնականում` բուսայուղից, ամենայն հավանականությամբ` ձիթապտղի եւ բուրավետ էսենցիայից, որը ստացվել էր պաչուլիի եթերայուղից։