ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ GLOBSEC 2023 Bratislava Forum-ի շրջանակում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ:
ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին: Գրիգորյանը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալու առավելապաշտական նկրտումներից: