ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ հունիսի 1-ին Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից։ Ըստ խոսնակի՝ Վաշինգտոնում ուրախ են տեսնելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները շարունակվել են։ Նա նշել է, որ պետքարտուղար Բլինքենը հավատում է՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության:
Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ համաներման հարցը քննարկելու վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Քիշնեւում հունիսի 1-ին Եվրոպական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք հանդիպումը եվրոպացի գործընկերների հետ կառուցողական քայլ կլինի՝ հարցերը բանակցային սեղանին եւ ոչ թե բռնության միջոցով կարգավորելու համար։
«Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը, մինչդեռ կառուցողական երկխոսությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ եւ հույս։ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու երկու կողմերի ջանքերին՝ հասնելու տեւական եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,- ասված է հայտարարության մեջ։