ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը 2023-ի սկզբից ի վեր ներմուծել է տարվա ընթացքում երկրին անհրաժեշտ հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր ծավալի 41%-ը։ Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի ներմուծման ծավալները գնահատվում են շուրջ 396 հազար տոննա, որից 295 հազարը` ցորեն, 33 հազարը` գարի, 68 հազարը` եգիպտացորեն։ 2023-ի մայիսի 19-ի դրությամբ ընթացիկ տարվա սկզբից ներմուծվել է շուրջ 165,2 հազար տոննա հացահատիկ, որից 122,1 հազար տոննան` ցորեն, 20,4 հազար տոննան` գարի, 22,7 հազար տոննան` եգիպտացորեն։ Հացահատիկը գրեթե ամբողջությամբ (99,9%) ներկրվել է Ռուսաստանից։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ վերջին տարիներին Հայաստանը հենց ՌԴ-ից է ներմուծում հացահատիկի գրեթե ամբողջ ծավալը։ Վերջին հինգ տարում ՌԴ-ից հացահատիկի ներմուծման ծավալն ամենամեծը եղել է 2022-ին։ Գերատեսչությունից պարզաբանել են նաեւ, որ Հայաստանում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը 527 հազար տոննա է, որից ցորենը՝ 385 հազար տոննա, գարին՝ 70 հազար տոննա, եգիպտացորենը՝ 72 հազար տոննա: 2022-ին ՀՀ-ում ցորենի եւ գարու ինքնաբավության մակարդակն աննշան աճել է։ 2022-ին ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացել է մինչեւ 27,5% (2021-ի 23,2%-ից), գարու դեպքում՝ մինչեւ 59,6% (2021-ի 49,1%-ի դիմաց), իսկ եգիպտացորենի ինքնաբավության ցուցանիշը 2022-ին կրճատվել է գրեթե 50%-ով՝ մինչեւ 4,8% (2021-ի 8,4%-ի դիմաց)։
Ցորենի միջին բերքատվությունը վերջին հինգ տարիներին մեկ հեկտարի համար եղել է 22,4 ցենտներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ՝ Հայաստանում ցանքատարածությունը կարող է ավելացվել գրեթե 22 հազար հեկտարով՝ մինչեւ 81 հազար հեկտար։ Դրա շնորհիվ համախառն բերքը կարող է կազմել տարեկան 181,4 հազար տոննա։ Հաշվի առնելով ցորենի տարեկան միջին պահանջարկը (385 հազար տոննա)` հացահատիկի ինքնաբավության մակարդակը Հայաստանում կարող է հասնել 45%-ի։