Ուկրաինայի վրա հարձակվելով՝ Ռուսաստանը սկսել է մի գործընթաց, որի տակից դուրս գալ, հավանաբար, չի կարողանալու։ Ըստ էության, ձեռնոց է նետել գործող աշխարհակարգին եւ ստացել արժանի պատասխան։
Արեւմուտքը ոչ միայն աջակցում է Ուկրաինային, այլեւ ծանրագույն պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանը դրանք շրջանցելու խնդիր ունի։ Փաշինյանի Հայաստանը, պարզվում է, պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնում է Ռուսաստանին։ Ահագին ժամանակ է, ինչ Եվրամիությունից ու ԱՄՆ-ից խոսում են այս մասին։ Ավելին՝ այս ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարում։
Եթե, ասենք, սա արվեր ի պատասխան Հայաստանին ցուցաբերած Ռուսաստանի անվերապահ աջակցության, կրկին, իհարկե, անթույլատրելի կլիներ, բաց բացատրություն, գոնե, կունենար։ Աջակցություն Ռուսաստանից չկա։ Ավելին՝ Ռուսաստանը մեր հակառակորդի դաշնակիցն է։ Այս պարագայում հանուն ինչի՞ է Հայաստանը գնում նման քայլի։ Ի՞նչ է պատահելու մեր երկրին, եթե հանկարծ հայտնվենք Արեւմուտքի թիրախում։ Եթե այսօրվա մեր ծանրագույն խնդիրներին ավելանան նաեւ Արեւմուտքի ճնշումները։
Ընթացող զարգացումներն ակնհայտ են։ Դրանք հասկանալու համար մեծ խելք պետք էլ չէ` Ռուսաստանը չի պատրաստվում ավարտել Ուկրաինայի դեմ սկսած իր անիմաստ ու դաժան պատերազմը։ Հետեւաբար՝ հավաքական Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունն էլ ավելի է խորանալու։ Այս պարագայում ցանկացած երկիր, հատկապես այնպիսի խոցելի երկիր, ինչպիսին Հայաստանն է, պետք է ճիշտ դիրքավորվի։ Սա ավելի քան կարեւոր է։ Սխալ քայլերի հետեւանքները կարող են լինել ավերիչ։
Բոլորովին էլ պարտադիր չէ, որ երկրի ղեկավարներն արձանագրված կորուստներից հետո միայն հասկանան իրենց սխալներն ու ԱԺ ամբիոնից հայտարարեն այդ մասին։ Այնպես, ինչպես այսօր են մինչեւ 2020 թվականը թույլ տված իրենց աղետաբեր սխալների մասին խոսում։
Հայտարարում էին, թե ոչինչ չեն զիջելու, ողջը Հայաստան է ու վերջ, ապա հանգելով պատերազմի ու պարտության՝ հանձնեցին ամենն ու անվերապահ, իսկ երեք տարի անց, երբ ուշ է արդեն, ու ոչինչ փոխել հնարավոր չէ, սկսեցին խոսել իրենց սխալների մասին։ Կամ՝ հայ-թուրքական երկխոսության ու հարաբերությունների կարգավորման ամենաակտիվ փուլում Երեւանի կենտրոնում «Նեմեսիս» գործողության հուշարձան են կառուցում, ճոխ ու աղմկոտ բացում են անում, այնպես, որ բոլորը տեսնեն, ու բոլորը լսեն, ապա ստանալով թուրքական պատասխանը՝ սկսում են արդարանալ, թե տեղյակ չեն ու մասնակից չեն։ Հիմա էլ՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ամենալարված փուլում, նպաստում են, որ Ռուսաստանը պատժամիջոցները շրջանցի, որպեսզի հետո, երբ արդեն ուշ կլինի, խոսեն սխալվելուց։
Եթե սխալները շարունակվում ու շարունակվում են, նշանակում է՝ դրանք ոչ թե վերլուծվել ու հասկացվել են, այլ դրանց մասին խոսելու պարտադրանք է առաջացել։ Պետք է խոսեն ու խոսում են։ Խոսում են առանց խորանալու եւ առանց հասկանալու, դասը վատ սերտած աշակերտի պես։ Նպատակը ոչ թե սխալներն ընդունելն ու հետեւություններ անելն է, այլ արդարանալն ու հանգամանքների վրա բարդելը։ Հակառակ դեպքում սխալները չէին շարունակվի։ Հակառակ դեպքում նույնքան անպատասխանատու չէին լինի, որքան եղել են։
Պետք է, վերջապես, գոնե մեկ դեպք լինի, երբ Հայաստանի իշխանությունը հասկանալով նախապես կկանխի վտանգը, թույլ չի տա, որ այն դառնա փորձանք։ Չէ՞ որ բոլորովին էլ պարտադիր չէ անել սխալ քայլը, ստանալ շշմեցնող պատասխանը ու նոր միայն ստիպված-հարկադրված խոսել սխալներից ու սխալվելուց։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։