ՀՀ ԿԲ տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 5 տրիլիոն 134 միլիարդ 447 միլիոն ՀՀ դրամ՝ գերազանցելով 2022-ի դեկտեմբերին արձանագրված պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 5 տրիլիոն 122 միլիարդ 579 միլիոնը, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ: 2023-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ առեւտրային բանկերի ներգրավված ավանդներն աճել են 31,21%-ով։
2023-ի ապրիլին մարտի համեմատ առեւտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն աճել է 0,84%-ով, սակայն ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդները նվազել են 0,16%-ով։ Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը վերջին 6 տարիների ապրիլ ամիսներին դինամիկ աճ է արձանագրել՝ 2023-ին հասնելով առավելագույն արդյունքին՝ 3 տրիլիոն 821 միլիարդ 478 միլիոն դրամ։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ վարկային կազմակերպություններից ռեզիդենտների ներգրավված վարկերի ծավալն աճել է 1,73%-ով, մինչդեռ ոչ ռեզիդենտների ներգրաված վարկերի ծավալը՝ նվազել 5,75%-ով:
Բանկերի (բայց ոչ վարկային կազմակերպությունների) ընդհանուր վարկային պորտֆելը 2023-ի ապրիլին նոր պատմական ռեկորդ է սահմանել՝ 4 տրիլիոն 409 միլիարդ 409 միլիոն դրամ՝ գերազանցելով նախորդ՝ 2023-ի մարտ ամսվա պատմական ամենաբարձր, ռեկորդային ցուցանիշը 0,47%-ով։ 2023-ի ապրիլին վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2018-2022 թվականների նույն ամսվա համեմատ գրանցել է անկում։ Աճ արձանագրվել է միայն նախորդ ամսվա՝ մարտի, համեմատ 1,42%։