Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել է, որ ՄԱԿ-ն առաջարկել է Կիեւին, Անկարային ու Մոսկվային նախապատրաստական աշխատանքներ սկսել Ուկրաինայի տարածքով ռուսական ամոնիակի տարանցման համար։ Ուկրաինան եւ Թուրքիան արդեն համաձայնել են ՄԱԿ-ի առաջարկին, իսկ Ռուսաստանը դեռ չի պատասխանել: ՄԱԿ-ն ուզում է, որ զուգահեռ բանակցություններ անցկացվեն հացահատիկի գործարքի ընդլայնման շուրջ՝ ավելի շատ ուկրաինական նավահանգիստների միացմամբ եւ այլ ապրանքատեսակների ընդգրկմամբ։
2022-ի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրված Հացահատիկային գործարքը ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի եւ պարարտանյութերի արտահանում Սեւ ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Հացահատիկային նախաձեռնության փաթեթային պայմանավորվածության երկրորդ մասով՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագրով, պետք է Ռուսաստանից պարենի եւ պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում կատարվի, «Ռոսսելխոզբանկ»-ը կրկին միանա SWIFT-ին, վերականգնվեն գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի եւ սպասարկման մատակարարումները եւ մի շարք այլ միջոցառումներ: Մայիսի 18-ին հայտնի դարձավ, որ գործարքը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 17-ը ներառյալ` առանց որեւէ փոփոխության: