ՀՀ Կառավարության հունիսի 1-ին նիստում ընդունված որոշումներից մեկով հաստատվել են ՀՀ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ապագա աշխատակիցների աշխատավարձերի չափերը։ Ըստ այդմ` նրանց նախատեսվում է վճարել ամսական 507 հազար 520, 407 հազար 680 եւ 274 հազար 560 դրամ աշխատավարձ։ Գրասենյակն ունենալու է 3 աշխատակից:
Աշխատավարձի տարեկան ֆոնդը լինելու է 14,8 միլիոն դրամ` չհաշված գրասենյակի ընթացիկ գործունեությանն առնչվող ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը, որը ներկա փուլում հնարավոր չէ հաշվարկել: Փոխարենը հաշվարկվել է, որ գրասենյակի համար վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարը պետական բյուջեի համար կարժենա տարեկան 2 միլիոն դրամ։ Բացի դրանից՝ պաշտոնաթող նախագահի ու վարչապետի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող մինչեւ 20 օր ընդհանուր տեւողությամբ այցերի ծախսերի ընթացքում նրանց պահպանությունը եւս ապահովվելու է պետության հաշվին` ՊՊԾ աշխատակիցներին վճարելով գործուղման գումարներ։
2022-ի մայիսին համապատասխան օրենքը փոփոխվել էր, որով պաշտոնաթող նախագահների գրասենյակներին ավելացվել էր պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Օրենքի փոփոխությունից հետո ամրագրվել է, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրվելու է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, պաշտոնաթող վարչապետներին` 10 տարի ժամկետով։ Բայց անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։ Պաշտոնաթող վարչապետին եւս, ինչպես նախագահներին, տրամադրվելու է կահավորված գրասենյակ, ավտոմեքենա, 3-հոգանոց աշխատակազմ եւ վարչապետի գործող աշխատավարձի 70%-ի չափով կենսաթոշակ։