Մայիսի 29-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա՝ ըստ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության։ Իսկ ըստ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության՝ ընդհակառակը, էդ վարչապետն է հանդիպում ունեցել նախագահի հետ։
Մի խոսքով՝ խճճվաճ պատմություն է` ով է ում հանդիպել։ Եվ հանդիպման վայրը չեն գրել, որպեսզի հանկարծ չասեն՝ «նախագահն ընդունել է վարչապետին» կամ «վարչապետն ընդունել է նախագահին»։ Սուբորդինացիան էս մեր Սահմանադրությամբ էնքան է խախտված, որ չգիտես վարչապետից ու նախագահից ով է ում շեֆը, ով ում ընդունեց։
Բայց դա էական չէ։ Էական չէ անգամ, որ նախագահի պաշտոնական կայքում նախագահի խոսքում «նախևառաջ» է գրված, իսկ վարչապետի կայքում՝ «նախ և առաջ»։ Մեզ այլ բան է հետաքրքրում. այս պարբերաբար կրկնվող անիմաստ «թատրոնի» նպատակը ո՞րն է։
Ահա մի հատված այդ «ներկայացման» սկզբում Հանրապետության նախագահի հնչեցրած խոսքից. «Նախևառաջ (նախ և առաջ), պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ ևս իմ աջակցությունը հայտնել Ձեզ և կառավարությանն այն քաղաքականության վերաբերյալ, որը դուք իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։
Թե հայերենում ինչ է նշանակում «…քաղաքականության ՎԵՐԱԲԵՐՅԱԼ աջակցություն հայտնել»-ը, կամ «Ձեզ եւ կառավարությանը» այն քաղաքականության վերաբերյալ, որ դուք իրականացնում եք կառավարության հետ միասին», թողնենք Վահագն Խաչատուրյանի հայոց լեզվի ուսուցչի մեկնաբանությանը, որպեսզի վերջապես հասկանանք, թե էդ ոնց են «վարչապետն ու կառավարությունը կառավարության հետ միասին» ինչ-որ քաղաքականություն իրականացնում։
Այսինքն՝ հնարավոր է, որ երբեմն վարչապետն ու կառավարությունը առանց կառավարության մասնակցությա՞ն են ինչ-որ բան իրականացնում։ Կամ գուցե վարչապետն ու կառավարությունը մի այլ երկրի, օրինակ՝ Ադրբեջանի կառավարությա՞ն հետ են ինչ-որ բան իրականացնում։
Դե, իսկ հետո սկսվում է գովասանքների շարքը, թե ինչ պուպուշ է կառավարությունը, ինչ աննախադեպ հաջողություններ ունի, անգամ Կատարում են դա ընդունում, եւ դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանի վարած իմաստուն քաղաքականության։
Նախագահի գովերգական ձոնի տուտը բռնում եւ նույն ոճով ինքնագովեստի է տրվում նաեւ վարչապետը, ապա հավելում. «Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հրապարակային հանդիպումներն էլ կարևոր են, որպեսզի նաև մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թևերի միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն»:
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը՝ «որպեսզի մեր ժողովուրդը տեսնի…»։ Այսինքն՝ ցուցադրականություն, ցուցանակային ժողովրդավարություն։ Իսկ որ իրենց ասած «հրապարակային քննարկման» ժամանակ ժողովրդին հետաքրքրող որեւէ բան չհնչեց, այլ միայն հնչեցին փոխադարձ գովեստներ, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի, Կատարի էմիրի տված խոստումների մասին նախագահի խրոխտ զեկույցներ, էդ ոչինչ, ժողովուրդը մի կերպ կմարսի (եթե իհարկե հավես անի լսի կամ կարդա)։
Ու կմարսի նաեւ այսպիսի խոսքերը. «…Ուրախ եմ արձանագրել, որ մեր հանդիպումներում, ըստ էության, մի այսպիսի թրենդ է ձևավորվել՝ մենք առայժմ որքան հանդիպել ենք՝ արձանագրել ենք մեր երկրում բավականին լավ տնտեսական ցուցանիշները»։
Էսպես ջան են ասում ու ջան լսում էս անիմաստ թատրոնում՝ կարծելով, թե իրենց անբովանդակ «ջանգյուլումը» խիստ հետաքրքիր է հանրությանը։
Իսկ հանրությանը հետաքրքրող լիքը այլ բաներ կան. սոցիալական վիճակից մինչեւ «հայկական տնտեսական հրաշքի» ազդեցության բացակայությունն իրենց կյանքի վրա, ոստիկանների օրեցօր աճող քանակը, զոհված զինվորի մոր անտեղի կալանքը, էլի ու էլի շատ հարցեր։
Նաեւ, օրինակ, Կատարում հայ համայնքի հետ հանդիպմանը Վահագն Խաչատուրյանի խոսքը, թե «Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ․․․ կանխատեսելի էր դեռևս 1990-1991 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով»։
Քանի որ նախագահի եւ վարչապետի հանդիպման հետագա ընթացքը փակ էր, ապա այդպես էլ անհայտ մնաց, թե նախագահն իր այս խոսքը մեկնաբանե՞ց վարչապետի համար, իսկ վերջինս էլ ասա՞ց՝ «մալադեց, Վահագն ջան…», թե՞ ընդհակառակը։ Գուցե հանձնարարեց հաջորդ անգամ ասել, թե 1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումն էր պատճառը, որ մենք պարտվեցինք 44-օրյա պատերազմում, եւ ընդհանրապես՝ «Գյոռբագյոռ դառնա Գորբաչովը, գյոզալական երկիրը քանդեց… ա՛յ, դրա համար էլ մենք պարտվեցինք 44-օրյա պատերազմում»։
Չեմ բացառում, որ մի օր սա էլ լսենք դույն անիմաստ ներկայացման հետագա սերիաներում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։