«Հաղարծին» հյուրանոցային համալիրի մատուցողի ծեծը Դիլիջանի քրեականի պետը ոնց որ թե մարսում է։ Որովհետեւ գործուն զղջացել է։ ՀՀ քննչական կոմիտեն կիրառական հայերենով գրում է․ «Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին եւ ներողություն խնդրել նրանից»։ Ուստի քրեական հետապնդում չեն հարուցել։ Ու սա լրիվ լուրջ։
Ենթադրաբար Ա․ Ղ.-ն, այսինքն՝ Արսեն Ղալթմազյանը, զղջացել է արարքից մեկ ամիս հետո, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, իսկ զղջացել է, երբ տեսանյութն է հրապարակվել։ Այսինքն՝ զղջացել է, որովհետեւ տեսանյութը հրապարակվել է։
Իսկ ճշմարտությունն այն է, որ քննչական կոմիտեն անսացել է վարչապետի մի արտահայտությանը՝ քրեականի պետն էլ է մարդ, Աստված չէ, նրա նյարդերն էլ են տեղի տալիս։ Բայց քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ 16-ամյա տղան քրեականի պետին ասել է՝ դավաճան։ Եթե փորձենք լրջանալ, միանգամից պիտի ասենք՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պիտի հրաժարական տա։ Ոչ միայն այն բանի համար, որ ոստիկանությունում Ա․ Ղ.-ի նման կերպար կա, այլ որ ոստիկանությունում, վստահ եմ, Ա․ Ղ․-ի նման կերպարներին հարյուրներով կարելի է հաշվել։
Վահե Ղազարյանը պիտի հրաժարական տա, որովհետեւ ավելի քան երեք տարի ղեկավարում է ՀՀ ոստիկանությունը, դրանից առաջ մոտ մեկ տարի եղել է ոստիկանապետի տեղակալ, դրանից առաջ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, իսկ դրանից առաջ, երբ հեղափոխության մասին խոսակցություն էլ չկար, ղեկավարել է ոստիկանության Դիլիջանի բաժինը։
Ա․ Ղ․-ն Վահե Ղազարյանի կադրն է, կարելի է ասել նրան ձեռքից բռնած մտցրել է ոստիկանություն։ Ու նույնիսկ սրա համար չպիտի հրաժարական տա, այլ որ ոստիկանությունում ոչինչ չի փոխվել, ու Վահե Ղազարյանը տեղյակ էլ չէ դրա մասին։ Ու հիմա, երբ որ տեղյակ է, մարդու գազանությունը փորձում է կոծկել գործուն զղջումով։ Այսինքն՝ վարվել է այնպես, ինչպես կուզենար, որ իր հետ վարվեին, եթե ինքը հայտնվեր այդ պատմության մեջ։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է։ Ինչպես հասկանալ այս արտահայտությունը, երբ Ա․ Ղ․-ն արդեն սրտի ուզածի չափ ծեծել վերջացրել է 16-ամյա երեխային։ Ծեծել է, չի պատժվել, ու դրանից հետո մեր երկիրը հռչակվել է ժողովրդավարության բրենդ։ Ես վստահ եմ, որ այս դեպքում վարչապետը նկատի ունի, որ հեղափոխությունից հետո 16 տարեկան մատուցողին կարելի է ծեծել եւ նույնիսկ սպանել էդ երեխայի մոր կամ հոր քվեով։ Դա արդեն ժողովրդավարական է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: