Անդրադառնալով Քիշնեւում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը՝ Ելիսեյան պալատում հայտարարել են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները վերահաստատել են Ալմա Աթայի հռչակագրով հաստատված սահմանները հարգելու վերաբերյալ Պրահայում ձեռք բերված հանձնառությունը: Նաեւ վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Ըստ Ելիսեյան պալատի հայտարարության՝ եվրոպացի առաջնորդները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալու ստանձնած պարտավորություններին, հնարավոր կարճ ժամկետում ազատ արձակելու ռազմագերիներին: «Նրանք նաեւ ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարեւորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների սահմանման կարեւորությունը»,- նշում է Ելիսեյան պալատը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել հրաժարվելու թշնամական հռետորաբանությունից` շեշտելով խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակական ջանքերի կարեւորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։