ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդների քննությունները կանցկացվեն հունիսի 7-ին եւ 21-ին։ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 7-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 21-ին:
Քննությունները կկազմակերպվեն Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, Գյումրու թիվ 45 միջնակարգ եւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում: Վերոնշյալ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել քննությունների անցկացումը պատշաճ կազմակերպելու համար: