ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ մեկնարկում է օտարերկրացի եւ սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
ԿԳՄՍՆ-ից հայտնել են նաեւ, որ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ եւ օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետեւյալ ժամկետներում՝
- անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 25-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ հունիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2023 թ. հունիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը ներառյալ,
- վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ hունիսի 15-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 18-ը ներառյալ.
- վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ հունիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ հունիսի 15-ից մինչեւ նոյեմբերի 10-ը ներառյալ:
Ըստ փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին՝ 10:00-17:00-ը, ընդմիջում՝ 13:00-14:00-ը: