ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ի գիտություն է ընդունում եւ հաշվի է առնում Երեւանի դիրքորոշումը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հակամարտությունում։ «Սա կարեւոր հայտարարություն է, գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ իրենք շարունակում են զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։
Ավելի վաղ CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, Փաշինյանը հայտարարել էր, որ Մոսկվայում տեսնում են, որ ՀՀ-ն Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չէ: «Արեւմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, եւ ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է՝ թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջեւ, բայց նաեւ ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: