ՀՀ ոստիկանությունը տվյալներ է ներկայացրել 2021 եւ 2022 թվականներին, ինչպես նաեւ 2023-ի առաջին եռամսյակում արձանագրված թմրաշրջանառության դեպքերի եւ առգրավված թմրանյութերի քանակների ու դրանց տեսակների վերաբերյալ։ 2021-ի համեմատ 2022-ին գրանցվել է թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների գրեթե 50%-ով աճ, միաժամանակ առգրավվել է 500 կգ-ով քիչ թմրամիջոց։ Հանրապետության իրավապահ մարմինները 2022-ի ընթացքում հայտնաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորներին առնչվող հանցագործությունների 2266 դեպք՝ նախորդ տարվա 1544-ի համեմատ։ Գրանցվել է հանցագործությունների թվի աճ 722 դեպքով կամ 46,8%-ով:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ այս տարվա առաջին եռամսյակում արդեն հայտնաբերվել է ապօրինի թմրաշրջանառության 981 դեպք: 2022-ի ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների ընթացքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 119 կգ-ից ավելի տարբեր տեսակի թմրամիջոցներ, մինչդեռ 2021-ին` 606 կգ-ից ավելի։ Թեեւ 2022-ին թմրաշրջանառության դեպքերը կրկնակի ավելացել են, բայց առգրավված ապօրինի թմրանյութերի քանակը գրեթե 5 անգամ պակաս է։ 2023-ի առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Ոստիկանության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են մոտ 3 տասնյակ, դրանց թվում՝ բնական, սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցներ։ Գերակշռում են մարիխուանան, կանեփը, ափիոնը, հերոինը, մետամֆետամինը, ալֆա PVP-ն։ Վերջին օրերին աղմուկ բարձրացրած կոկաինը նախորդ երկու տարիներին իրավապահները հայտնաբերել են շատ փոքր քանակով՝ 2021-ին՝ 973,28 գ, իսկ 2022-ին առգրավվել է 9 անգամ ավելի քիչ քանակ՝ 102,644 գ։