Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հնարավոր է` մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Եթե այդ ինտենսիվությունը պահպանվի, եւ լինի միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, ապա հնարավորություն կա մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Մենք տրամադրված ենք հնարավորինս արագ ստորագրել համաձայնագիրը»,- հայտարարել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Երեւանը դրական է գնահատում հունիսի 1-ին Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: «Սա լավ հնարավորություն է խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։ Միջազգային հանրության աջակցությունն այս օրակարգին շատ կարեւոր է»,- ասել է Գրիգորյանը։