ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 5-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա, սակայն, օրինակ, 1975 թվականի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այդ հիմքով սկսել սահմանազատման աշխատանքները ընդունելի լուծում է Հայաստանի Հանրապետության համար: «Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռեւս վերջնական համաձայնություն չկա: Բայց կա հանձնառություն՝ այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ»,- նշել է Միրզոյանը: Նա հավելել է, թե որքանով որ իրեն է հայտնի, Քիշնեւում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975-ի քարտեզի վերաբերյալ:
Անդրադառնալով անկլավների թեմային՝ ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ անկլավների ծագման իրավական հիմքերը դեռեւս ուսումնասիրության կարիք ունեն։ «Քաղաքական առումով գիտենք, որ նման անկլավներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում Հայաստանի տարածքում, բայց կարծում եմ` սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, եւ այդտեղ քննարկվեն տարբեր լուծումներ»,- նշել է Միրզոյանը։
Քարտեզն ու «պատմական սեփականությունը» ոչինչ են, եթե դրա տակ չկա ռազմական ուժով ու դիվանագիտությամբ պայմանավորված քաղաքականություն
Ավելի վաղ անդրադառնալով քարտեզների թեմային՝ քարտեզագիր, Հայ ազգային կոնգրեսի համակիր Հարութ Ուլոյանը նշել է, որ քարտեզների թեման ընդամենը հրապարակ նետված հերթական ժամավաճառությունն է՝ հետագայում դրանից բխող բոլոր հետեւանքներով։ «Դուք կբերեք տասնյակ քարտեզներ, որոնցում Խորհրդային Հայաստանի տարածքում անկլավներ չկան, Ադրբեջանը կբերի մեկ այլ տասնյակ քարտեզներ, որտեղ դրանք կան։ Մեկ ուրիշն էլ փաստեր կներկայացնի, որ ԽՍՀՄ ձեւավորման տարիներին Ադրբեջանը ԼՂԻՄ-ը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի մաս, ու այդպես մինչեւ Ադամ ու Եվա։ Ոչ մի քարտեզ չի ստիպելու Ադրբեջանին հեռանալ քարտեզով ՀՀ սուվերեն տարածք համարվող հատվածներից։ Քարտեզն ու «պատմական սեփականությունը» ոչինչ են, եթե դրա տակ չկա ռազմական ուժով ու դիվանագիտությամբ պայմանավորված քաղաքականություն»,- շեշտել է Հարութ Ուլոյանը։
Այդ ամենը լավագույն դեպքում գիտություն է, արվեստ, իսկ վատագույն դեպքում՝ խզբզանք
Նա շեշտել է, որ քարտեզագիրը կարող է համեմատել տարբեր թվականների հրապարակված քարտեզները կամ արբանյակային ու այլ տվյալների հիման վրա ներկայացնել դե ֆակտո գոյություն ունեցող շփման գոտին։ «Կարող է տեղանքի ռելիեֆի առանձնահատկություններն ու այլ գործոնները հաշվի առնելով ներկայացնել կամ առաջարկել ինչ-որ սահմանագիծ՝ ռազմավարական կամ այլ նպատակների համար, բայց այդ ամենը լավագույն դեպքում գիտություն է, արվեստ, իսկ վատագույն դեպքում՝ խզբզանք, ինչով արդեն տարիներ շարունակ մասնագիտացած է բնակչության յուրաքանչյուր 10-ից 9-ը»,- նշել է Ուլոյանը։ Նրա խորին համոզմամբ՝ նույնիսկ պատմականորեն, աշխարհագրականորեն, տնտեսականորեն, ընդհանուր՝ գիտականորեն հիմնավորված որեւէ մեկնաբանություն տվյալ թեմայով լիովին անտեղի է։
Աստղագուշակները քարտեզագիրներից ավելի հիմնավոր կմեկնաբանեն սահմանագծման գործընթացները
«Մենք գործ ունենք ոչ թե տրամաբանական, պատմական կամ գիտական հիմնավորման, այլ քաղաքականության հետ, այն էլ՝ քարկապ ընկած քաղաքականության։ Իսկ քաղաքականություն ասվածը ոչ միայն թքած ունի նման հիմնավորումների վրա, այլեւ շատ հանգիստ կարող է առ ոչինչ դարձնել դրանք»,- նշել է Ուլոյանը։ Ըստ նրա՝ երբ լրատվամիջոցներով ժամանակ առ ժամանակ տարբեր քարտեզագիրների մեկնաբանություններ են հաղորդվում, դրանցից որեւէ եզրակացություն չի կարելի անել։ «Ներկա պայմաններում աստղագուշակները շատ ավելի հիմնավոր կմեկնաբանեն հնարավոր սահմանագծման ու սահմանազատման գործընթացները, քան քարտեզագիրները կամ, առհասարակ, որեւէ մեկը։ Որպես համեստ քարտեզագիր՝ ես դա ձեզ երաշխավորում եմ»,- ընդգծել է Հարութ Ուլոյանը։
Անկլավների թեման պետք է բաժանել ու սառեցնել բուն սահմանազատման գործընթացից
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացում անկլավների խնդրին, Ուլոյանը հղում է արել ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին, որն առաջարկել է անկլավների թեման բաժանել ու սառեցնել բուն սահմանազատման գործընթացից եւ դրան վերադառնալ միայն այն ժամանակ, երբ երկու ժողովուրդների միջեւ կատաղի թշնամական մթնոլորտը հանդարտեցված կլինի։ Զուրաբյանի խորին համոզմամբ՝ ներկա պայմաններում անկլավների թեկուզ փոխադարձ վերադարձը մշտական լարվածության ու անխուսափելիորեն բախումների պատճառ է լինելու։ Ուլոյանը միաժամանակ շեշտել է, որ Զուրաբյանի հայտնած տեսակետը, վստահաբար, շրջանառվող տեսակետներից միակն է, որի հիման վրա հնարավոր է բանակցել միջազգային հանրության հետ։